.jpg)
«Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ բաց է միասնական թեկնածուի քննարկումների համար»
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը և իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանն այսօր կրկին ներկայացրեցին անցած շաբաթվա ընթաքում գրանցված ընտրախախտումները:
Ասուլիսին մասնակից լրագրողներին բանախոսները խորհուրդ տվեցին ընտրախախտումների մանրամասներին՝ լուսանկարներին ու հղումներին ծանոթանալ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կայքում:
Ինչ վերաբերում է անցած շաբաթ գրանցված խախտումներին ու դրանց վերաբերյալ իրավապահ մարմինների գործունեությանը, ապա Խուրշուդյանը նշեց, որ իրավապահ մարմինների գործունեության արդյունքում որոշ անթույլատրելի տեղերից արդեն հանվել են նախընտրական պաստառները, դպրոցների մի քանի տնօրեններ քարոզչության համար նկատողություն են ստացել:
Խուրշուդյանի խոսքով՝ քննարկվել են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի կայքի վրա հակերային հարձակման դեպքը:
«Այս շաբաթվա խախտումներում մի յուրահատկություն կար. բացի անձնագրային տվյալների հավաքագրումից, ահազանգ ենք ստացել, որ հավաքագրւմ են այն մարդկանց տվյալները, ովքեր հաստատապես չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կրթության ոլորտում խախտումներին, ապա Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ ընտրական շտաբի աշխատակիցներն ու լրագրողներն ինքնուրույն չեն կարող հարցուփորձ անել բոլոր այն երեխաներին, ովքեր դասերի ժամերին մասնակացում են գործող Նախագահի նախընտրական հանդիպումներին. «Առանց կոնկրետ երեխայի անվան ու կոնկրետ դպրոցի` իրավապահները չեն քննում դեպքը: Բայց ինքներդ եք հասկանում, որ երեխայի դպրոցն ու անուն ճշտելը հենց նույն իրավապահի գործն է»:
Aysor.am-ի խնդրանքով «Ժառանգության» ներկայացուցիչն անդրադարձավ նաև վերջին օրերին շատ քննարկվող միասնական թեկնածուի թեմային: Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ բաց է քննարկումների համար, հարցին՝ իսկ կան նման քննարկումներ, Խուրշուդյանը պատասխանեց. «Հիմա չկան, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ քարոզչության է մարզերում»: