.jpg)
Ս. Սարգսյան. Քվեախցիկ մտնելով, գրչի մի հարվածով կատարեք ձեր ընտրությունը
Գեղարքունիքի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակներում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպեց Գավառ քաղաքի ընտրողների հետ:
Դիմելով հավաքվածներին, Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց Տիառնընդառաջի տոնի կապակցությամբ` նկատելով, որ գավառցիները առանձնահատուկ շուքով են նշում այս տոնը:
«Ուրախ եմ, որ այսօր այս համաժողովրդական տոնին ներկա եմ»,- ասաց Սերժ Սարգսյանն ու սկսեց իր նախընտրական ելույթը:
«Նախընտրական այս օրերին ես հանդիպել և շարունակում եմ հանդիպել մեր երկրի գյուղերի և քաղաքների բնակիչների հետ: Այս օրերին շատ բաների մասին եմ խոսել մեր ժողովրդի հետ, սակայն այսօր` այս գեղեցիկ տոնին, իմ խոսքը հատկապես երիտասարդներին է ուղղված` ի դեմս Գավառի երիտասարդության»,- ասաց թեկնածուն:
Դիմելով երիտասարդներին Սերժ Սարգսյանն ասաց, որ փետրվարի 18-ին իրենք ընտրելու են հենց իրենց ապագան.
«Քվեախցիկ մտնելով, գրչի մի հարվածով կատարեք ձեր ընտրությունը, իմացեք, որ ձեր կատարած ընտրությունը կերտելու է այնպիսի երկիր, որում պիտի ապրեք ինքներդ` տարիներ ու տասնմյակներ: Գրչի ձեր հարվածով ընտրելու եք ձեր ապագան` դա ձեզ համար և մեզ համար է»,- ասաց թեկնածուն, ավելացնելով` դժվար է գործը, սակայն դա է ճշմարտությունը:
«Այն բոլոր որոշումները, որոնք կայացվում են մեր կողմից` ուղղակիորեն ազդելու են ձեր ապագայի վրա և ուզում եմ, որ իմանաք` ես միշտ հիշում եմ այս մասին այն պահերին, երբ կայացնում եմ նման որոշումներ: Այդ որոշումներն ազդելու են նաև իմ Մարիամի, իմ Արայի, իմ Սերժի վրա, այսինքն` իմ թոռների ճակատագրի վրա: Այսպես եղել է և լինելու է միշտ: Մի սերունդը որոշում է կայացնում գալիք սերունդի համար: Բայց արի ու տես, որ հենց ձեր սերունդին է վիճակված ընտրել երկրի համար ճակատագրական ուղին»,- գավառցի երիտասարդներին ասաց Սերժ Սարգսյանը:
Թեկնածուն ասաց, որ եթե երիտասարդները վստահեն իրեն, ինքը կշարունակի անել ամեն հնարավորը, որ երիտասարդները լավ կրթություն ստանան, լավ մասնագիտություն ձեռք բերեն ու լավ վարձատրվող աշխատանք ունենան հենց իրենց հայրենիքում:
«Ուզում եմ խնդրել, որ մեր երկրի համար ձեր ճակատագրական ընտրությունը կատարելիս` լինեք սթափ, պատասխանատու և աչալուրջ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Եզրափակելով խոսքը` թեկնածուն ևս մեկ անգամ նշեց, որ ապագան ժպտում է երիտասարդներին, և առջևում ապահով Հայաստանն է: