.jpg)
Սերժ Սարգսյան. Եթե լավ եմ աշխատել, ապա քվեարկեք իմ օգտին
«Եկել եմ այստեղ՝ խնդրելու ձեր աջակցությունը: Տարիներ շարունակ իմ աշխատանքը եղել է ձեր աչքի առաջ, և հիմա եկել եմ այստեղ, որպեսզի, եթե լավ եմ աշխատել, ապա քվեարկեք իմ օգտին, իսկ եթե, ըստ ձեզ, վատ եմ աշխատել, ապա քվեարկեք այլ թեկնածուի օգտին»,- Գեղարքունիքի մարզում Վարդենիսի մշակույթի տանն ընտրողների հետ հանդիպմանն իր ելույթն այսպես սկսեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Թեկնածուն նկատեց, որ քարոզարշավն ավարտին է մոտենում և լսել է հազարավոր մարդկանց, հետևաբար ինքը՝ թեկնածուն, եկել է այն համոզման, որ ապահով Հայաստանին հասնելու համար պետք է գործել և լինել միասնական:
«Արժանապատիվ ապրուստը բարեգործությամբ չի ստեղծվում: Մենք էլ ծույլ ու անբան չենք, որ ապավինենք բարեգործությանը, որը նորմալ է, բայց լավ կլինի, եթե յուրաքանչյուր մարդ սեփական քրտինքի միջոցով ստեղծի իր ապրուստի միջոցները»,- ասաց Ս. Սարգսյանը՝ հավելելով, որ արժանապատիվ ապրելու համար առաջնահերթ պետք է ստեղծել աշխատատեղեր:
Անցյալ տարի, շարունակեց իր խոսքը թեկնածուն, 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, սակայն այդ աճը, ըստ նրա, պետք է լինի ժողովրդի բարեկեցության աղբյուր. «Այնպես պետք է անել, որ այդ աճը լինի անշրջելի: Այդ նպատակով մենք կերպարանափոխում ենք Հայաստանի տնտեսությունը: Պետք է ստեղծել նոր ձեռնարկություններ, իհարկե հները նույնպես պետք է գործարկվեն»:
Դիմելով վարդենիսցիներին՝ թեկնածու Ս.Սարգսյանն ասաց, որ ոչ մի իշխանություն միայնակ չի կարող լուծել պետության, երկրի, ժողովրդի խնդիրները:
«Այս երկիրը մերն է՝ իր բոլոր զավակներով: Մեր ապագայի համար պատասխանատվությունը բոլորինս է, և ոչ իշխանությանը կամ ընդդիմությանը: Հայաստանը հիմնարկ չէ, որից ակնկալիք կամ պահանջ են ունենում: Հայաստանը մենք ենք, մեր հարգանքը, մեր երազանքները, մեր զավակների ապագան: Հայաստանն այն է, ինչ կարող ենք տալ մեկս մյուսին և թողնել սերունդներին: Սա է իմ հավատամքը, ես հավատում եմ ձեզ, ես համատում եմ, որ ձեզ հետ միասին տեսնելու ենք ավելի լավ Հայաստան և այսպես հասնելու ենք ապահով Հայաստանի»,- եզրափակեց խոսքը Սերժ Սարգսյանը: