.jpg)
ՈՒԵՖԱ-ն կարող է ավելացնել Իբրահիմովիչի որակազրկման ժամկետը
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կքննարկի «Վալենսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղի այն դրվագը, երբ խաղադաշտից հեռացվեց ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին: 31-ամյա շվեդ ֆուտբոլիստն ավտոմատ բաց կթողնի մարտի 6-ին Փարիզում «Վալենսիայի» հետ կայանալիք պատասխան հանդիպումը:
Տեղեկությունների համաձայն` ՈՒԵՖԱ-ն կարող է ավելացնել Իբրահիմովիչի որակազրկման ժամկետը, եթե հաստատվի, որ շվեդ ֆուտբոլիստի գործողություններում միտում կա:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը կանգնել էր «Վալենսիայի» կիսապաշտպան Անդրես Գուարդադոյի ոտքին և կոպիտ խաղի համար արժանացել կարմիր քարտի:
Հավելենք նաև, որ 2010 թ. նման պատժի էր արժանացել «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, երբ «Լիոնի» հետ առաջին խաղում կարմիր քարտ էր ստացել, այնուհետև ՈՒԵՖԱ-ի որոշմամբ բաց էր թողել ոչ թե 1, այլ 3 հանդիպում: