19/02/2013 12:32
Լեբեդև. Գործող նախագահը վերահաստատեց իր լիազորությունները լեգիտիմորեն
Նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ, և դրանց նախապատրաստական աշխատանքները գնահատում ենք բավարար: ԸՕ-ում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք արդյունավետորեն են անդրադարձել ընտրությունների վրա: Ամփոփելով նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ այս մասին հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
Շարունակելով խոսքը՝ Ս.Լեբեդևն ասաց, որ ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, ամեն բան չափավոր էր, լարվածություն չկար: «Թեկնածուների միջև չկար սև PR, չկար անհարգալից վերաբերմունք, անհանդուրժողականություն»,- ասաց առաքելության ղեկավարը, հավելելով, որ բոլոր թեկնածուներն ունեին ազատ ատահայտվելու իրավունք, իսկ ՀՀ քաղաքացիները՝ ծանոթանալու թեկնածուների ծրագրերին:
Նա անդրադարձավ նաև նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին, նշելով, որ թեև միջադեպը պանիկա էր առաջացրել, սակայն լուրջ հետևանքներ չթողեց:
Խոսելով հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասին՝ առաքելության ղեկավարը նկատեց, որ դա դիտորդներին անհանգստացնում էր, սակայն ուրախ են, որ լուրջ հետևանքներ չունեցավ:
«Մենք առաջնորդվել ենք օբյեկտիվորեն, մենք եկել ենք այստեղ որպես գործընկերներ, մեր հայացքներն ընկերական են: Մեր գլխավոր նպատակ էր օբյեկտիվ գնահատական տալ ընտություններին, որոնք անցնեն խաղաղ, և քաղաքացիները կարողացան ազատ արտահայտել իրենց կամքը»,- ասաց Ս. Լեբեդևը:
Ինչ վերաբեում է խախտումներին, Ս.Լեբեդևը նշեց, որ դրանք հիմնականում վերաբերել են ընտրացուցակներին, որոնք շատ արագ, «հենց իմ աչքի առաջ լուծվել են»: Ինչպես նաև՝ նշեց, որ որոշ ընտրատեղամասերում մնացել էին թեկնածուներից մեկի նկարները, սակայն, Լեբեդևի խոսքերով, խախտումներն այնքան լուրջ չեն, որ հետևանք թողնեն ընտրական գործընթացի վրա:
Ամփոփելով նախագահական ընտրությունները՝ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նշեց. «Կասկած չկա, որ ՀՀ նախագահի ընտրությունները լեգիտիմ էին, և գործող նախագահը վերահաստատեց իր լիազորությունները լեգիտիմորեն: Ընտրությունները համապատասխանում են Սահմանադրությանը և միջազգային նորմերին»,- ասաց Լեբեդևը, հավելելով, որ ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային էին: