.jpg)
Ադրբեջանում ծեծել են ազգային հերոսի 79-ամյա հորը
Ադրբեջանի ազգային հերոս Սաֆարալի Մամեդովի հորը` 79-ամյա Գուրբան Մամեդովին, ծեծի են ենթարկել Մասալիի շրջանի գործադիր իշխանության կենտրոնական գրասենյակում:
Այս մասին «Ազադլիգ» թերթին հայտնել է ինքը` Գուրբան Մամեդովը: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ շրջանի գործադիր իշխանության տարեկան հաշվետությանը նվիրված հավաքի ժամանակ՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի հարավային տարածաշրջանի գծով հսկիչ Վաֆադար Բաղըրովի աչքի առաջ:
«Գործադիր իշխանության աշխատակից Ադեմ Մահարամովն ու ոմն Վալի ոստիկաններին հանձնարարեցին ինձ դուրս հանել դահլիճից: Տասից ավելի ոստիկաններ եկան, ստիպողաբար ինձ դուրս հանեցին և տարան շրջանի ոստիկանական բաժանմունք»,- ասել է Գուրբան Մամեդովը: Տարեց մարդու խոսքով` իրեն ծեծի են ենթարկել ինչպես գործադիր իշխանության շենքի բակում, այնպես էլ ոստիկանական բաժանմունք տանող ճանապարհին: «Այնտեղ վիճակս վատացավ: Ինձ բաց թողեցին: Գնացի հիվանդանոց, ներարկեցին, հաբեր տվեցին, հետո վերադարձա տուն»,- պատմել է նա:
Գուրբան Մամեդովն իր դեմ բռնության պատճառը հետևյալ կերպ է բացատրել. «Վախենում էին, որ Բաքվից եկած հյուրի մոտ կխոսեմ շրջանում առկա խնդիրներից: Այդ պատճառով էլ, ինձ դահլիճից հանեցին»: Թերթին նաև հայտնի է դարձել, որ գործադիր իշխանության տարեկան հաշվետվության համար տեղի ունեցած հավաքի ժամանակ քաղաքացիներին դահլիճ են թողել միայն նախապես կազմված ցուցակի համաձայն: