Շարմազանով. Հույս ունեմ՝ Հովհաննիսյանն անձամբ կծանոթանա իմ հայտարարությանը
25/02/2013 18:57

Շարմազանով. Հույս ունեմ՝ Հովհաննիսյանն անձամբ կծանոթանա իմ հայտարարությանը

«Կարծում եմ`Րաֆֆի Հովհաննիսյանը անձամբ չի ծանոթացել իմ հայտարարությանը, քանզի այնտեղ ամեն ինչ շատ մատչելի հայերենով է շարադրված, հուսամ` պարոն Հովհաննիսյանին այսօր, այնուամենայնիվ, կփոխանցեն իմ հայտարարությունը` նրան հնարավորություն տալով գոնե հետագայում խուսափել տհաճ իրավիճակներից»: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները՝ այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձել էր իր և Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները հրապարակելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տարածած հայտարարությանը և նշել, որ «ամոթ նրանց, ովքեր փորձում են սպառնալ ձայնագրության միջոցով»: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Է. Շարմազանովը հայտարարել էր. «Անկեղծ ասած, իսկապես ուզում էի տեղեկանալ Հանրապետության նախագահի և պարոն Հովհաննիսյանի երեկվա հանդիպման վերաբերյալ պարոն Հովհաննիսյանի խոստացած պատմությանը: Այն, ինչ լսեցի, խիստ տարօրինակ էր: Տպավորություն ստացա, որ այդ հանդիպման ժամանակ նախագահն ընդամենը 3 անգամ «ոչ» է ասել, իսկ այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը բոցաշունչ ելույթ է ունեցել այն մասին, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մեղավորները պետք է գտնվեն ու պատժվեն օրենքի ուժով, ինչին ի պատասխան նախագահը լռել է: Համաձայնեք, նույնիսկ զվարճալի է: Թափանցիկության ու հրապարակայնության կատարելության նմուշ մի պատմություն: Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, ստիպված պիտի լինենք հրապարակել, թե իրականում ինչ են շուրջ մեկ ժամ խոսել նախագահն ու պարոն Հովհաննիսյանը, որքան էլ որ հավատում էինք, թե դա հավուր պատշաճի կանի պարոն Հովհաննիսյանը»: 

Շարմազանով. Հույս ունեմ՝ Հովհաննիսյանն անձամբ կծանոթանա իմ հայտարարությանը