.jpg)
ԲՀԿ. Ազատության հրապարակում կազմակերպված ակցիայի օրակարգը հասկանալի չէ
«ԲՀԿ-ն միանշանակ կիսում է ժողովրդի բողոքը: Վերջին հաշվով` ժողովրդական բողոքի ալիքն առաջանում է այն պատճառների հետևանքով, որոնց մասին մենք շուրջ մեկ տարի է բարձրաձայնում ենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ԲՀԿ հայտարարությունը, այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Պատգամավորն ասաց, որ այդ բողոքում ներառված են սոցիալական տարբեր շերտեր. «Մի օր բողոքում են ատամնաբույժները, մի օր` տաքսու վարորդները: Դա նշանակում է, որ երկրում առկա է մի իրավիճակ, երբ ժողովուրդը չի կարող սպասել, թե ի վերջո ե՞րբ են անդրադառնալու իր խնդիրներին»:
Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ապա Է. Վարդանյանն ասաց, որ ժողովուրդը չի հավատում ընտրություններին, այսինքն` ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը կորել է. «Եվ եթե մենք նույնիսկ կարողանանք այսօր կազմակերպել շատ փայլուն ընտրություններ, միևնույնն է, ժողովուրդը չի հավատալու ընտրությունների արդյունքներին»,- ասաց նա` հավելելով, որ այդ հավատը վերականգնելու խնդիր կա, իսկ ԲՀԿ-ն առաջարկում է սկսել օրակարգային հարցերի քննարկում և «ճանապարհային քարտեզի մշակում»:
Հարցին, թե ԲՀԿ-ն կմիանա՞ Ազատության հրապարակի պայքարին, Է. Վարդանյանն ասաց, թե ԲՀԿ-ն հայտարարել և հայտարարում է, որ ժողովրդի կողքին է, բայց. «Մյուս կողմից ես պետք է ասեմ, որ հրապարակում հավաքվածների ակցիայի, հանրահավաքների օրակարգն ինքնին հասկանալի չէ: Այսինքն` ինչպիսին են լինելու քայլերը, ինչ են ենթադրում դրանք: Հստակության դեպքում ԲՀԿ-ն կարող է նաև հայտնել իր տեսակետը»:
Ի պատասխան հարցին, թե ԲՀԿ-ն համարում է, որ Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է հաղթել նախագահակն ընտրություններում, ԲՀԿ պատգամավորն ասաց. «Կարծում եմ, որ նախևառաջ պետք է լինի ԿԸՀ-ի վերջնական արդյունքերը, որն այսօր է հրապարակվելու: Ես տեղյակ չեմ դրանից, որովհետև ԱԺ նիստին եմ եղել: Մյուս կողմից, ես որպես խնդրի առաջնահերթ հատված, դիտում եմ այն, որ ժողովուրդը հրապարակում է, որ ժողովուրդը դուրս է եկել բողոքելու իր իրավունքների ոտնահարման համար, իսկ արդյունքների հարցը, վերջին հաշվով պետք է վերահաշվարկների և իրավական ճանապարհով լուծվի»: