.jpg)
Քարզայը հրահանգել է ԱՄՆ հատուկ ուժերին՝ լքել Աֆղանստանի Ուարդակ նահանգը
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրահանգել է ԱՄՆ զինված ուժերին երկու շաբաթվա ընթացքում դուրս գալ Աֆղանստանի արևելյան Ուարդակ նահանգից: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը:
Համիդ Քարզայը նշել է, որ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ ուժերին մեղադրանք է առաջադրվել աֆղանցիների առևանգման և կտտանքների ենթարկելու համար:
«Մանրամասն բանակցություններից հետո պարզ է դարձել, որ զինված անհատները` ԱՄՆ հատուկ ուժերի անվան ներքո, ներգրավված են անմեղ մարդկանց կտտանքների ենթարկելու, խոշտանգումների և սպանությունների մեջ»,- նշված է Աֆղանստանի նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Վերջին օրինակը Ուարդակ նահանգում ինը մարդկանց անհետացումը և մեկ ուսանողի սպանությունն էր: Չնայած այն բանին, որ ամերիկացիները մերժում են այս բոլոր մեղադրանքները, մենք պահանջում ենք լքել երկրի տարածքը»,-նշված է հայտարարության մեջ: