.jpg)
Ոստիկանությունը պատասխանում է ՄԻՊ-ին
ՀՀ ոստիկանությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՀՀ Նախագահի ընտրությունների հետ կապված ահազանգերով ոստիկանությունում ստացված գրությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «2013 թ. փետրվարի 22-ին ստացվել է ՀՀ ոստիկանության պետին ուղղված` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որտեղ հայտնվում է, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել ահազանգեր:
Գրության մեջ նշված 2-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հաղորդումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ 3-րդ կետում նշված հաղորդումը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով ընթացքը որոշելու համար:
Գրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ կետերում նշված հանգամանքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում արդեն իսկ նախապատրաստվել կամ նախապատրաստվում են նյութեր:
Ստորև ներկայացվում է նյութերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
- 1-ին կետ` 18.02.2013թ. ժամը 15:15-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդվել է, որ իրենց է ահազանգել Ավագ Մեժլումյանը և հայտնել, որ թիվ 37/15 ընտրատարածքի դիմաց Սիսիանի քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում: Ահազանգի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում ահազանգը չի հիմնավորվել և նյութերը եզրակացությամբ թողնվել են անհետևանք: ՀՀ ոստիկանության շտաբի կողմից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը տրվել է ցուցում` 1-ին կետում նշված հանգամանքների վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով որոշելու համար: 23.02.2013թ. որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ
- 5-րդ կետ` 15.02.2013թ. «Ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում հրապարակված «Փողերը միայն վստահելիներին, ՀՀԿ-ն փող է բաժանում» վերտառությամբ հոդվածը որում նշվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հաղորդում են բաժանվող ընտրակաշառքի մասին, իսկ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10 000-ական դրամ Սարգսյանին ընտրելու համար ու նման բազմաթիվ լուրեր:
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:
- 6-րդ կետ` 21.02.2013թ. ժամը 12:45-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդվել է, որ iditord.org ինտերնետային կայքում զետեղված է հաղորդագրություն այն մասին, որ 08/13 ընտրատեղամասում Բաբաջանյան 18 շենք 13 բնակարանի բնակիչներ Աննա և Ժաննա Հովակիմյանների փոխարեն քվեարկել են:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
- 9-րդ կետ` 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է, որ 095-96-92-79 հեռախոսահամարից զանգահարել է Արտակ Համբարձումյանը և հայտնել, որ թիվ 17/05 ընտրատեղամասում իր և դիտորդ Նարինե Իսմաելի նկատմամբ բռնություն է կիրառվել ու կատարվել է լցոնում քվեատուփի մեջ:
22.02.2013 թ. նախապատրաստված նյութերը քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
- 10-րդ կետ` 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է, որ դիտորդ Նարեկ Բաբայանը զանգահարել է և հայտնել, որ Արտաշատ քաղաքի թիվ 17/02 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանից դուրս առկա են մի քանի հարյուր հատ քվեաթերթիկներ: ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում գրության 2-րդ, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնում` 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հանգամանքների հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Հայտնում են նաև, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ ստացված հաղորդումը /3-րդ կետ/ ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին, որտեղ նախապատրաստվել են նյութեր և 23.02.2013թ. Տավուշի մարզի դատախազության միջոցով` քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: