.jpg)
Արման Մելիքյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն այսօր հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսի հետ: Այս մասին Մելիքյանը գրել է իր ֆեյսբուքյան իր էջում.
«Կայացավ հանդիպումս ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մեկ այլ մշտական անդամ պետության` Մեծ Բրիտանիայի ՀՀ- ում դիվանագիտական ներկայացուցչության համաղեկավար, մորին մեծության դեսպան Ջոնաթան Էյվսի հետ:
Պարոն Էյվսին ներկայացրեցի այն փաստարկները, որոնց հիման վրա ինքս, դեռևս քվեարկության նախօրեին, անօրինական և ոչ իրավաչափ հայտարարեցի առաջիկա ՀՀ նախագահի ընտրությունները:
Դեսպան Էյվսին տեղեկացրեցի նաև, որ այցելությանս նպատակը չէ հորդորել Մեծ Բրիտանիան միջամտելու ՀՀ ներքին գործերին մեր երկրում այս զանգվածային ընտրակեղծարարության ակնհայտ փաստի կապակցությամբ, սակայն նրա ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ ընտրակեղծարարներին փաստացիորեն աջակից են դարձել եվրոպական դիտորդները: Հենց այդ դիտորդների ապակողմնորոշիչ եզրակացությունների վրա են հիմնվում եվրոպական, այդ թվում նաև բրիտանական պաշտոնատար անձանց դրական գնահատականները, որ տրվել են այս ընտրություններին:
Ընդգծեցի, որ այս առումով և դիտորդները, և եվրոպաշտոնյաներն իրենց բաժին պատասխանատվությունն ունեն կատարվածի համար հատկապես այն պատճառով, որ ընտրությունների կեղծման հնարավորությունների մասին նախապես անհրաժեշտ տեղեկատվությունը մեր կողմից հրապարակվել է:
Կրկին հիշեցրեցի, որ Հայաստանում ֆիզիկապես առկա ընտրողների ընդհանուր քանակը չի գերազանցում 1.250.000-ը, մինչդեռ ԿԸՀ-ի կողմից ներկայացված պաշտոնական հաղորդագրության համաձայն քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 1.519.000, նաև հաղորդեցի ընտրությունների ակնհայտ կեղծման այլ փաստեր: Պարոն դեսպանին հայտնեցի իմ համոզմունքն առ այն, որ կեղծված ընտրություններում չկա հաղթող կամ երկրորդ-երրորդ տեղի հավակնորդ` դրանք ուղղակի կեղծված են և չի կարող ճանաչվել դրանց իրավաչափությունը ու հույս հայտնեցի, որ ՀՀ քաղաքական ուժերը և գործիչները համատեղ ջանքերով կկարողանան ելք գտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակից»,- գրել է Արման Մելիքյանը»,-գրել է Արման Մելիքյանը: