Արտակ Նազարյանի գործով  դատաքննությունն ավարտվել է
26/02/2013 21:40

Արտակ Նազարյանի գործով դատաքննությունն ավարտվել է

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 2010 թ. մահացած զինծառայող Արտակ Նազարյանի գործով դատավարությունը: 

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ այսօր ավարտվել է դատաքննությունը և դատավարությունը թևակոխել է դատական վիճաբանությունների փուլ: 

«Դատաքննության փուլը ապացույցների հետազոտման փուլն է, որի ժամանակ մենք տասնյակ միջնորդություններ ենք ներկայացրել:

Հետազոտվեցին քննիչի հավաքած ապացույցները, որոնցով, իրենց կարծիքով, հիմնավորվում է մեղադրանքը: Իհարկե, ապացույցների ուսումնասիրման ընթացքում հիմնավորվեց, որ մեղադրանքը շինծու է, նախաքննության մարմինը կեղծ վարկած է հորինել և կեղծ ապացույցներ է հավաքել, իբր, Ա. Նազարյանի ինքնասպան լինելու և մեղադրյալների` նրան ինքնասպանության հասցնելու վերաբերյալ: Մենք միջնորդեցինք դատաքննություն լրացնել նոր ապացույցների ուսումասիրմամբ, որովհետև բազմաթիվ բաներ կար, որ քննիչը պետք է աներ, սակայն չէր արել, սակայն այս միջնորդությունները մեծամասամբ կա՛մ մերժվեցին, կա՛մ դրանց լուծումը հետաձգվեց խորհրդակցական սենյակում դատավճիռ կայացնելիս, ինչը ես քողարկված մերժում եմ համարում, որովհետև դատարանը որևէ նոր հանգամանք չէր պարզելու, որը կարդարացներ այն հետաձգելու անհրաժեշտությունը: Դատարանը մեր ներկայացրած միջնորդությունների մեծ մասը առանց հիմնավորման մերժում էր, և անիմաստ էր շարունակել նոր միջնորդություններ ներկայացնել, այդ պատճառով ձեռնպահ մնացինք դրանից»,- ասաց նա:

Մ. Շուշանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ դատարանի խնդիրը զինդատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության վրա դատարանի կնիքը խփելն է:

Գործով մյուս դատական նիստը նշանակված է մարտի 13-ին, որի ընթացքում ճառով հանդես կգան դատախազները: 

Հիշեցնենք, որ Ա. Նազարյանը մահացել է 2010թ. Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի մարտական հենակետերից մեկում: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության նախաքննությունից հետո գործը դատարան է մտել` որպես «ինքնասպանության դրդում», սակայն Ա. Նազարյանների իրավահաջորդների պնդմամբ, Ա. Նազարյանը սպանվել է, իսկ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ա. Նազարյանի 5 ծառայակիցների՝ կապիտան Հակոբ Մանուկյանին, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ Ադիբեկ Հովհաննիսյանին, Մխիթար Մխիթարյանին և Հարութիկ Կիրակոսյանին: 

Նախորդող հրապարակում` Ա.Նազարյանի իրավահաջորդ. Առանցքային վկան ճնշումների է ենթարկվում

Արտակ Նազարյանի մայրը կոչ է անում ձայն չտալ կառավարող իշխանությանը

Արտակ Նազարյանի գործով դատաքննությունն ավարտվել է