.jpg)
Ստեփանակերտում շուրջօրյա ջրով ապահովված կլինի բնակչության 88 %
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդիրներին:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով և ելույթներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ինչպես հանրապետության, այնպես էլ նրա տարբեր բնակավայրերի ջրամատակարարմանն առնչվող խնդիրները եղել և մնում են մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված է երկրի համար հիմնախնդրի կարևորագույն ռազմավարական նշանակությամբ: Այս համատեքստում առանձնակի նշանակություն ունի մայրաքաղաք Ստեփանակերտում ջրի հիմնախնդրի լուծումը, որի ուղղությամբ վերջին տարիներին կատարվել է բավականին լուրջ աշխատանք: Նախագահը նշել է, որ 2008 թվականից առ այսօր մայրաքաղաքում կառուցվել է տարբեր տրամաչափի ավելի քան 333 կիլոմետր երկարությամբ ջրագիծ և նախատեսվում է, որ այս տարվա վերջին քաղաքում շուրջօրյա ջրով ապահովված կլինի բնակչության ընդհանուր թվի մոտ 88 տոկոսը:
Միաժամանակ, երկրի ղեկավարն ընդգծել է, որ կան նաև էական թերություններ ու բացթողումներ՝ կապված աշխատանքների որակի, արդյունավետության և համալիր իրականացման հետ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձանարարականներ է տվել առկա թերությունների վերացման և աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ հատուկ ընդգծելով ծավալների և ժամկետների հստակ ժամանակացույցերի սահմանման ու պահպանման, բնակչությանը մատակարարվող ջրի որակի անհրաժեշտ մակարդակի ապահովման կարևորությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: