.jpg)
Ձուն թանկացել է. Ինքնարժե՞քն է բարձրացել
Վերջին շրջանում ձվի շուկայում թանկացումներ են արձանագրվել. ՏՄՊՊՀ-ն արդեն խնդրով զբաղվում է. թռչնաֆաբրիկաներ համապատասխան հարցումներ են ուղարկվել, ուսումնասիրվում է իրացման ցանցը:
Ինչո՞ւ է թանկացել «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի ձուն. հարցով Aysor.am-ը դիմեց «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի կոմերցիոն ծառայության ղեկավար Անդրե Կիրակոսյանին:
Նա նշեց, որ ձուն փետրվարի սկզբից է թանկացել և դա կապ չունի Զատիկի հետ, պարզապես ինքնարժեքն է բարձրացել և դա հիմնականում կապված է գազի սպառման ծավալների ավելացման և կերի հետ:
«Ձմռան ամիսներին օգտագործում ենք 20 մլն դրամի գազ»,- ասաց նա և հավելեց, որ սպեկուլյացիայով չեն զբաղվել, հակառակ դեպքում՝ մինչև Ամանոր կթանկացնեին ձուն:
Ըստ Ա. Կիրակոսյանի՝ թանկացել է ձուն նաև Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում: Գործում է դասական առաջարկի և պահանջարկի կորը` շատ են օգտագործում` թանկանում է, թեև այս համատեքստում, նրա փոխանցմամբ, իրացման ծավալները վերջին ամիսներին կայուն են. օրական 100-150 հազար հատ ձու է իրացնում «Լուսակերտը»` իրացման ցանցեր ձուն հանձնում է 50 դրամից մինչև 62 դրամի շրջանակներում:
Aysor.am-ը փորձեց ձվի թանկացման վերաբերյալ պարզաբանումներ ստանալ «Արաքս» թռչնաֆաբրիկայից, սակայն ոչ ոք չպատասխանեց, իսկ «Արզնու» թռչնաֆաբրիկան բոլորովին անհասանելի էր` հնարավոր եղավ գտնել միայն հասցեն: