Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարողները սեղմ ժամկետում կհայտնաբերվեն
26/02/2013 20:27

Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարողները սեղմ ժամկետում կհայտնաբերվեն

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու բաժնի պետին գրավոր հանձնարարել է տվել ակտիվացնել 18.02.2013թ. թիվ 09/02 ընտրատեղամասում ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի հայտնաբերման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ թիվ 09/02 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Զ. Միրիջանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել է 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չի կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել են խախտումը և կանխել: Քննությամբ դեռևս չպարզված անհայտ անձը ընտրատեղամասից դիմել է փախուստի:

Վարչական շրջանի դատախազը Էրեբունու ոստիկանության բաժնի պետի ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, հանցանք կատարած անձին հայտնաբերելու, նրա ինքնությունը պարզելու և քննչական բաժին ներկայացնելու համար երկու անգամ արդեն հանձնարարություն է տրվել:

Ոստիկանություն է ուղարկվել նաև 18.02.2013թ. թիվ 9/02 ընտրատեղամասում տեղի ունեցած հիշյալ դեպքի տեսագրությունը, սակայն մինչ օրս չի պարզվել հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու բաժնին կրկին հանձնարարել է սեղմ ժամկետում հանցանք կատարած անձի ինքնությունը պարզել և նրան ներկայացնել նախաքննական մարմին: 

Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարողները սեղմ ժամկետում կհայտնաբերվեն