.jpg)
Աղբյուր. Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը`պատժամիջոցների կասեցման դիմաց
Իրանը պատրաստ է վերանայել ուրանի հարստացման դադարեցման հնարավորությունը՝ միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում կատարելով «վեցնյակի» բանակցություններում Իրանական կողմը ներկայացնող անանուն աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ ի թիվս իրավիճակը կարգավորելու հնարավոր այլ տարբերակների՝ «Թեհրանը կարող է վերանայել ուրանը մինչև 20 % հարստացումը դադարեցնելու հնարավորությունը, եթե հանվեն միջազգային բոլոր, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցները»:
Ալմաթիում «վեցնյակի» հետ (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) հանդիպումից առաջ Իրանի պատվիրակության անդամ Մեհդի Մոհամադը հայտարարել էր, որ բանակցություններում Թեհրանի առաջարկները մոտ են Ռուսաստանի կողմից նախկինում հնչեցված առաջարկներին, սակայն չի հստակեցրել դրանք:
Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի քարտուղար Մայքլ Մանը հայտարարել էր, որ Եվրամիությունը Իրանի նկատմամբ պատժամիջոցները չի կարող հանել, քանի որ Թեհրանը չի ապացուցել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: