.jpg)
Լավրով. Սիրիայի ընդդիմության շարքերում գերակշռում են ծայրահեղականները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության շարքերում գերակշռում են ծայրահեղականները, ովքեր արգելափակում են երկխոսություն սկսելու նախաձեռնությունները: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:
«Մի քանի օր առաջ մենք կարծում էինք, որ իրավիճակն ավելի պարզ է՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար: Լուրեր տարածվեցին առանց նախապայմանների անհապաղ երկխոսություն սկսելու մասին: Այնուհանդերձ, այդ լուրերն ավելի ուշ անհետացան»,- ասել է Լավրովը:
«Թվում է, որ ծայրահեղականները այս պահին գերակշռում են ընդդիմության, այդ թվում նաև, այսպես կոչված, Ազգային կոալիցիայի շարքերում ՝ արգելափակելով նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել երկխոսություն սկսելուն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ միջազգային հանրությունը կարծես սկսել է ավելի շատ հասկանալ և՛ կառավարության, և՛ ընդդիմության վրա ազդեցություն գործելու անհրաժեշտությունը՝ նրանց համոզելով անիրական պահանջներ չառաջադրել երկխոսություն սկսելու համար:
Լավրովը նաև հիշեցրել է, որ սիրիական խնդիրը քննարկվելու է Բեռլինում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայանալիք հանդիպման ժամանակ: