ՀԿ-ները պահանջում են հրապարակել ստորագրված ընտրացուցակները
26/02/2013 20:58

ՀԿ-ները պահանջում են հրապարակել ստորագրված ընտրացուցակները

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով պահանջում են իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում՝ իշխանությունների նկատմամբ քաղաքացիների միահամուռ անվստահությունն արտահայտելու առումով:

Մենք՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակված քվեարկության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը և հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձևավորումը:

Քաղաքացիական կառույցների կողմից իրականացված դիտարկումները ցույց են տվել, որ ընտրական ողջ գործընթացը թե նախընտրական և թե քվեարկության փուլում ուղեկցվել են իշխանությունների կողմից կազմակերպված իրավախախտումներով՝ վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում տեղադրված տեսագրություններ:

Մինչդեռ, ակնհայտ է, որ լայնածավալ ընտրախախտումները էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ինչի մասին են վկայում հենց պաշտոնական տվյալների վերլուծությունները, այդ թվում՝ դիտարկված և չդիտարկված տեղամասերում քվեարկության արդյունքների համեմատությունները:

Օրհասական համարելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները՝ հավաստիացնելու Հայաստանի ընտրողներին իրենց և բացակա ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը և ձևավորվող իշխանության լեգիմությունը:

Հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն համարելու, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են՝ իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով»:

Հայտարարության տակ ստորագրել են՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հիմնադրամ
«Մենք պլյուս» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Էկոլուր» ՀԿ
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ
«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
«Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ
«Նոր սերունդ» ՀԿ
«Սոցիոսկոպ» ՀԿ
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ 

ՀԿ-ները պահանջում են հրապարակել ստորագրված ընտրացուցակները