.jpg)
Խորհրդարանում քննարկվել են մի շարք օրինագծեր
Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ փոխնախարարի՝ օրինագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքերի հետ կապված որոշակի դրույթներ:
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի մշակմանը և քննարկմանը մասնակցել են և՛ հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, և՛ համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածում ավագանու կազմավորման համար անհրաժեշտ շեմն ավելացնել մինչև օրենքով սահմանված թվի երկու երրորդը, իսկ 14-րդ հոդվածի երկրորդ մասում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու ավագանու նիստերի իրավազորության անհրաժեշտ շեմը: Նախագծի մեկ այլ հոդվածով նախատեսվում է ավագանու լիազորությունների դադարեցման ևս մեկ հիմք, այն է` ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով երեք ամիս անընդմեջ ավագանու նիստ չկայանալը:
Ըստ փոխնախարարի՝ սահմանվում է նաև համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման այլ հիմք ևս՝ մեկ տարվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթը (ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ) երկու անգամ խախտելը:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա կարևորել է խորհրդարանում նման օրինագծի քննարկումը նշելով, որ այն կարգավորում է ոչ միայն կոնկրետ հարաբերություններ, այլև նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների հետագա զարգացմանը: Հերմինե Նաղդալյանը հիմնական զեկուցողի ուշադրությունը հրավիրել է օրենքի 72-րդ հոդվածի վրա՝ առաջարկելով այն խմբագրել, ինչը փոխնախարարի կողմից ընդունվել է:
Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը, նկատել է, որ թեև հանձնաժողովում օրինագիծը քննարկվել է և ստացել դրական եզրակացություն, սակայն համակարգն ու օրենքի բազմաթիվ դրույթներ համակարգային փոփոխությունների կարիք ունեն:
Այնուհետև խորհրդարանը քննարկել է ՀՀ նախագահի կողմից ներկայացված «Տարանցման ազատության մասին» կոնվենցիան և կանոնադրությունը վավերացնելու մասին» հարցը: 1921 թվականի ապրիլի 20-ին ստորագրված կոնվենցիան ներկայացրել է հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ով նշել է, որ ներկայում նրան միացել է շուրջ 50 պետություն, ՀՀ հարևան պետություններից անդամ չէ միայն Ադրբեջանը: Կոնվենցիայի նպատակն է անդամ-պետությունների տարածքներում ապահովել երկաթուղային ճանապարհներով, ջրային ուղիներով, նաև այլ տրանսպորտային միջոցներով իրականացվող տարանցիկ փոխադրումների ազատությունը: Հրանտ Բեգլարյանի խոսքով՝ կոնվենցիայով սահմանվում է ազատ տարանցման իրավունքը, կարգավորվում են տարանցիկ փոխադրման նկատմամբ կիրառվող սակագների և մի շարք այլ հարցեր: Արդյունքում, ինչպես նշել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարը, կաճի Հայաստանի Հանրապետության՝ որպես տարանցիկ պետության գրավչությունն անդամ պետությունների փոխադրողների համար՝ նպաստելով երկրի տարանցիկ ունակությունների բարձրացմանը:
Հարցի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սամվել Ֆարմանյանը: Նա նկատել է, որ կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է ակնկալել տարանցիկ փոխադրումների իրականացում կոնվենցիայի անդամ հանդիսացող պետությունների տարածքով, ինչպես նաև արտահանման ծավալների մեծացում:
Հաջորդիվ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդարանի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նախարարի խոսքով՝ այս նախագծերի քննարկումը լավ օրինակ է, թե ինչպես քաղաքական մեծամասնությունն ու փոքրամասնությունը, նաև քաղաքացիական սեկտորը կարողացան, փոխհամաձայնությունների գալով, փաթեթը լրամշակել և ունենալ արդյունք, որն այլևս որևէ կողմից քննադատության չի ենթարկվում: «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակում երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել 17, բացառիկ դեպքերում հնարավոր է ամուսնություն նաև 16 տարեկանում, սակայն զույգի գումարային տարիքը 34-ից ցածր չպետք է լինի: Այսպիսով, նախագիծը կատարում է իր առջև դրված գլխավոր նպատակը, այն է՝ Հայաստանը, ստանձնած միջազգային պարատավորությունների շրջանակում, ապահովում է գենդերային հավասարություն, վերանում է ամուսնության տարիքի հարցում տարբերակված մոտեցումը երկու սեռերի համար:
Պատասխանելով պատգամավոր Հայկ Գրիգորյանի մտահոգությանը, թե ինչ կլինի, եթե, օրինակ 16 տարեկան տղան ամուսնանա 18 տարեկան կնոջ հետ՝ պատրաստ չլինելով ֆինանսապես հոգալ ընտանիքի կարիքները, Հրայր Թովմասյանը նշել է, որ այս դեպքում ևս չպետք է մոռանալ գենդերային հավասարության մասին. չափահաս կինն ինքը կարող է զբաղվել ընտանիքի ֆինանսական խնդիրներով:
Պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցին էլ ի պատասխան՝ նախարարը շեշտել է, որ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակելիս հաշվի են առնվել նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների մտահոգությունները, շահերը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ նույնպես շեշտելով արդյունավետ աշխատանքի մասին:
Պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրել է Դավիթ Հարությունյանը:
Նախագծով առաջարկվում է որոշ չափով սահմանափակել ԱԺ նախագահի լիազորությունները պատգամավորների բացակայությունները հարգելի-անհարգելի ճանաչելու ընթացակարգերում. նա կարող է հարգելի համարել հերթական նստաշրջանի ոչ ավելի, քան 10 օրերի ընթացքում պատգամավորի՝ անձնական պատճառով բացակայությունները: «Որպեսզի սա չդառնա քաղաքական մեծամասնության կողմից որոշվելիք հարց, նաև գործիք, որն օգտագործվում է ընդդիմության դեմ, մենք առաջարկում ենք հետևյալ լուծումը. Ազգային ժողովի նախագահն իրավունք ունի մինչև 10 օր բացակայությունները ճանաչել հարգելի, բայց եթե դրանից հետո պատգամավորը քվեարկությունների կեսից ավելիին բացակայել է, հարցը մտնում է էթիկայի հանձնաժողով»,-նշել է Դավիթ Հարությունյանը: Ըստ ներկայացված օրինագծի՝ էթիկայի հանձնաժողովը քննում է հարցը և ներկայացնում իր եզրակացությունը՝ արդյոք բացակայությունները հարգելի են, և եթե եզրակացությունը բացասական է լինում, հարցը ներկայացվում է խորհրդարանին:
Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Իր ելույթում պատգամավոր Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է, որ լրացուցիչ քննարկման խնդիր է, թե որքանով է հարցը էթիկայի հանձնաժողովի հետ առնչվում: Այս կարծիքը պաշտպանելով՝ Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց, որ, ըստ պայմանավորվածության, մինչև խորհրդարանի դահլիճում քննարկվելը հարցը պետք է ավելի նեղ ձևաչափում քննարկվեր: Նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացրեց նաև պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով, սակայն, նշել է, որ իր ուսումնասիրած միջազգային փորձը ցույց է տալիս՝ նման հարցերը քննարկվում են հենց էթիկայի հանձնաժողովում:
Ամփոփիչ ելույթում Դավիթ Հարությունյանը հիմնավորել է, որ խնդիրը էթիկայի հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է, իսկ նեղ ձևաչափում քննարկումների վերաբերյալ պայմանավորվածություն լինելու մասին նշել է, որ նման հարց չի քննարկվել:
Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 27-ին: