.jpg)
ISN. Ռուսաստանի քաղաքականությունը. Մտրակ` Վրաստանին, քաղցրահաց` Հայաստանին
Որո՞նք են Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակները Հարավային Կովկասում: Նման հարցադրմամբ է հանդես եկել ISN տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ագլայա Սնետկովը:
Ստորև ներկայցանում ենք հոդվածը.
«Հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը երկար պատմություն ունի: 1990 թ.-ից ի վեր տարածաշրջանում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է եղել Հայաստանը: Չնայած Երևանի փորձերին` հավասարակշռել իր արևմտամետ և ռուսամետ դիրքորոշումները, Ռուսաստանը, այդուհանդերձ, շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, տնտեսական ու ռազմական օգնության աղբյուրն այդ երկրի համար:
Ի տարբերություն Հայաստանի հետ հարաբերությունների՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում մակընթացություն ու տեղատվություն է նկատվում: 1990-ականներին հատկապես այդ հարաբերությունները խիստ լարված էին, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտության, ինչպես նաև՝ էներգետիկայի և խողովակաշարերի անցկացման հարցում, աջակցում էր Հայաստանին:
Ռուսաստանը տարածաշրջանում ամենախնդրահարույց ու լարված հարաբերություններն ունի Վրաստանի հետ: Նա ցանկանում է իր ազդեցությունը պահպանել Վրաստանում` սահմանափակելով վերջինիս արևմտամետ ձգտումները և Վրաստանի երկու անջատողական անկլավներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում, անկախության շարժումներին աջակցելու հաշվին՝ ճնշում գործադրելով այդ երկրի ներքաղաքական կյանքի վրա:
Լուրջ աշխարհաքաղաքական տարաձայնությունններից բացի, ռուս-վրացական հարաբերությունները հաճախ վատթարանում են փոքրիկ բաների պատճառով. Օրինակ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև անձնական թշնամանքի ու անբարյացակամության, կամ էլ սադրիչ ժեստերի ու արարքների պատճառով:
Սակայն, երբ 2012թ. հոկտեմբերին Վրաստանում վարչապետ ընտրվեց հայտնի գործարար Բիձինա Իվանիշվիլին, ով ամուր և լավ կապեր ունի Ռուսաստանի հետ, հնարավորությունների պատուհան բացվեց այդ հարաբերությունների կարգավորման համար: Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Իվանիշվիլին Ռուսաստանին մեկնեց խաղաղության ձիթենու ճյուղը: Սակայն Ռուսաստանը, Պուտինի՝ նախագահ ընտրվելուց հետո, չի պատասախանել այդ քայլին: Այդուհանդերձ, ապագայում չպետք է բացառել, որ դրական տեղաշարժեր կլինեն երկկողմ հարաբերություններում:
Ռուսաստանը Հարավային Կովկասում ընդունել է «քաղցրահացի և մտրակի» քաղաքականություն (այսինքն` պարգևների և պատժի քաղաքականություն). մտրակը սովորաբար Վրաստանին, քաղցրահացը՝ Հայաստանին:
Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանը փորձում է օգտագործել իր ռազմական և տնտեսական լծակները՝ հասնելու նրան, որ Երևանը ռուսական շահերին համապատասխան քաղաքականություն վարի: Նա ոչ միայն սուբսիդիաներ է տրամադրում այդ երկրին, այլև ապահովում է էժան նավթով ու գազով: Ռուսական ընկերությունները խոշոր ներդրումներ են կատարում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Անվտանգության մասով, Ռուսաստանը Հայաստանում իր անմիջական ռազմական ներկայությունն է պահպանում՝ այդ երկրի տարածքում տեղակայելով 102-րդ ռազմաբազան և հայ սահմանապահների հետ պաշտպանելով Թուրքիայի և Իրանի հետ սահմանը: Հայաստանը ներկայումս մասնակցում է մի շարք տարածաշրջանային ծրագրերի, որոնք իրականացնում է Ռուսաստանը:
Ավելի հավանական է Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման սցենարը, քան վրաց-ռուսական հակամարտության կրկնությունը: Վերջին տարիներին Ռուսաստանն ավելի է ուժեղացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Այս կառույցը անվտանգության երաշխավոր է իր անդամ- երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի: Այդ իսկ պատճառով, Հարավային Կովկասում հակամարտություն առաջանալու դեպքում Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը բախվելու են Հայաստանին ռազմական օգնություն ու աջակցություն տրամադրելու անհրաժեշտությանը: Գործնականում կինի դա, թե ոչ, հայտնի չէ»: