Ս.Թանգյանը` Ս.Սարգսյանին. Հայաստանը անհապաղ կարիք ունի օրենքի իշխանության
26/02/2013 10:17

Ս.Թանգյանը` Ս.Սարգսյանին. Հայաստանը անհապաղ կարիք ունի օրենքի իշխանության

Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` փետրվարի 18-ին կայացած ընտրությունների առնչությամբ:

Նամակը «Մեդիամաքսին» է տրամադրել երգչի մենեջեր Ջորջ Տոնիկյանը:

Նամակում ասված է.

«Հարգելի Պարոն Նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե` ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների հաղորդումներին կեղծիքների մասին` անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ` արդյո՞ք ստացել եք ձայների մեծամասնությունը, թե ոչ:

Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չե՞, որ Դուք, Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞ ոչ: Անձամբ ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի առաջնորդել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրանայի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր, կամ որևէ այլ ածականներ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եւ օլիգարխների խավիարը վերջացել է, և նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան: Ինչևէ, ժամանակն է փոփոխության: Ազնվորեն եք հաղթել, թե ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք:

Դա ի՞նչ է նշանակում Ձեր համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար, և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ` թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում, ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում, չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:

Տարիներ առաջ, ես արշավանք սկսեցի` խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց;

Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, ներքին թշնամիներ են և պետք է պատժվեն: Դա պետք է Ձեր պարտքը լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է մտածեք նաև խորհրդարանը լուծարելու և առաջին հայ ռեֆորմիստ Նախագահը դառնալու մասին, որն անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական կլինեն:

Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Ինչպես և բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց` ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք:

Հայաստանը անհապաղ կարիք ունի օրենքի իշխանության` առավել քան որևէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել օրենքից բարձր:

Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական օրինակով և նախագահական հրամանագրով: Միացրեք մեզ, Սերժ: Ոգևորեք մեզ: Խնդրում եմ, ընդունեք այս կոչը»: 

Ս.Թանգյանը` Ս.Սարգսյանին. Հայաստանը անհապաղ կարիք ունի օրենքի իշխանության