Դեմիրճյան.Նախագահի ընտրությունները համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը
26/02/2013 18:38

Դեմիրճյան.Նախագահի ընտրությունները համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը

«Նախագահական ընտրությունները ոչ թե դարձան մեր երկրի պատմության լավագույն ընտրությունները, այլ համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ այս իշխանություններն ու արդար ընտրությունները անհամատեղելի հասկացություններ են»,- ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը:

Շարունակելով խոսքը` ԱԺ պատգամավորն ասաց, որ փետրվարի 18-ին հասարակությունը մերժեց գործող վարչախմբին, որի կառավարման տարիների ընթացքում երկրում աճել է աղքատությունը, խորացել սոցիալական բևեռվածությունը:

«Մերժեց այն իշխանությանը, որը մարդկանց դատապարտում է անհուսության և արտագաղթի: Փետրվարի 18-ին ժողովուրդը «ոչ» ասաց երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգին, ընտրակաշառքին և վերատիրացավ իր արժանապատվությանը: Ընտրությունները և դրան հաջորդած իրադարձությունները շատ հստակ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը չի ուզում նվաստացված ապրել իր երկրում և թույլ չի տա բռնանալ իր կամքի վրա»,- ասաց Ս. Դեմիրճյանը:

Մարդիկ, նրա խոսքով, փոփոխություններ են պահանջում, և այդ փոփոխությունները պետք է սկսեն ժողովրդի քվեն ստացած իշխանության ձևավորումից:

Եզրափակելով խոսքը` ԱԺ պատգամավորն ասաց, որ իր ղեկավարած ՀԺԿ-ն, ինչպես միշտ, կլինի ժողովրդի կողքին և կշարունակի պայքարել հանուն արդարության և արժանապատվության հաղթանակի:
 

Դեմիրճյան.Նախագահի ընտրությունները համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը