.jpg)
Սարգսյան-Հովհաննիսյան 2-րդ հանդիպում. Պահանջներն արդեն լուրջ կդիտվեն
Դրական է, որ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո տեղի են ունենում հետընտրական հանրահավաքներ, երբ ժողովուրդը հնարավորություն ունի հայտնելու իր կարծիքը, եթե համաձայն չէ, այդկերպ ժողովուրդը ցույց է տալիս նաև իր ակտիվությունը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, գնահատելով հետընտրական զարգացումները, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Հանրահավաքները, նրա խոսքով, անհրաժեշտություն են. «Ընտրական համակարգում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, առաջընթաց կա, սակայն բաց տեղեր էլ դեռ կան, որոնք էլ իրենց ազդեցությունն ու հետևանքն են ունենում քաղաքական կյանքի հետագա զարգացումների վրա»:
Քաղաքագետն, ի դեպ, չի կիսում տարածված տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի և իշխանությունների միջև ինչ-որ «խաղեր» ու պայմանավորվածություններ կան:
«Չհարգել Րաֆֆի Հովհաննիսյանին քվեարկած ժողովրդին` սխալ է, կատակ թիվ չէ 531 հազարը, սակայն այլ խնդիր է, թե ինչպես պետք է լուծվի այս վիճակը` իշխանությունների և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Իսկ դա կարծում եմ, պետք է լինի միայն ու միայն բանակցությունների միջոցով, որի նախադեպն արդեն կա»,- ասաց նա:
Ու թեև Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան առաջին հանդիպումն արդյունք չտվեց, սակայն, քաղաքագետի խոսքով, դրանք պետք է շարունակական բնույթ կրեն. «Քանի որ իշխանությունը պետք է պատրաստ լինի բողոքների այս ալիքին արձագանքելու, իսկ ընդդիմությունն էլ պետք է գնա ոչ թե առճակատման, այլ` բանակցային տարբերակով լուծումներ գտնելու ճանապարհով»,- ասաց քաղաքագետը` հավելելով, թե, ըստ իրեն, Ր. Հովհաննիսյանը հակված է հենց այդ տարբերակով էլ լուծել:
Միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ բողոքի ալիքը հեշտ չի հանդարտվելու, սակայն հստակ է, Ս. Գրիգորյանի կարծիքով, որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման երկրորդ «ռաունդում» Հովհաննիսյանի պահանջները լքւրջ կդիտվեն: