.jpg)
Աֆղանստանում սպանել են 17 քնած ոստիկանների
Աֆղանստանի Ղանզի նահանգում զինյալները փետրվարի 27-ին գնդակահարել են 17 ոստիկանների և գերի վերցրել ևս երկուսի: Ինչպես հայտնում է BBC-ն, զոհերից միայն 11-ն էին անվտանգության աշխատակից, մյուսները նրանց հյուր եկած ընկերներն են եղել:
Տեղի ոստիկանության պետ Զրավար Զահիդը իր հերթին հայտարարել է, որ սպանվածներից տասը ոստիկաններ են, իսկ մյուսները զորավարժությունն էին անցնում, և մոտ ժամանակներս պատրաստվում էին ծառայության անցնել:
Տեղի Pajhwok Afghan պարբերականը պնդում է, որ ոստիկանների ուղղությամբ կրակ բացելուց առաջ հանցագործները նրանց թունավորել են: Միևնույն ժամանակ Ղազնիի նահանգապետը BBC-ին հայտնել է, որ ոստիկանների ընթրիքի մեջ լցրել են քնաբեր, քանի որ հարձակման ժամանակ նրանք քնած են եղել: Հանցագործները գողացել են նաև զենքերը:
Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնել է «Տալիբան» շարժումը: Նրանք իրենց հանցագործությունը բացատրել են կոռումպացված իրավապահներից քաղաքացիներին պաշտպանելու մղումով:
The New York Times-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է անվտանգության ծառայության երկու աշխատակից: Ըստ իշխանությունների՝ իրականում նրանք թալիբներ են և հենց իրենք են սպանել ոստիկաններին: