.jpg)
Հովիկ Աբրահամյանը բացառում է Մարտի 1-ի կրկնությունը
«Կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այնքան ողջամիտ քաղաքական գործիչ է, որ կտրուկ քայլերի չի գնա»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը երաշխավորո՞ւմ է, որ երբ պայքարը ստանա համաժողովրդական բնույթ, չեն մտնի Ազատության հրապարակ, զենք չեն փնտրի, իսկ այնուհետև իրենց գործողություններում չեն ներգրավվի բանակը և հատուկ ծառայությունները, ԱԺ նախագահը նշեց, թե իշխանության որևէ գերատեսչության կողմից Ազատության հրապարակում հանրահավաք իրականացնողների նկատմամբ որևէ ապօրինի գործողություն բացառված է: Միևնույն ժամանակ նա Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում ողջամիտ գտնվել և վերջ տալ հանրահավաքներին:
«Նույնիսկ պատրաստ ենք խորհրդարանի բարձր ամբիոնն իրենց համար դարձնել բազմակարծության ամբիոն, կազմակերպել քննարկումներ, ողջամիտ առաջարկություններ լսել, օրենքներում փոփոխություններ կատարել»,- ասաց ԱԺ նախագահը:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է տեսնում հետընտրական զարգացումների, Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների հանգուցալուծումը, Հ. Աբրահամյանն ասաց, որ իրենք առաջարկում են բանակցել, քննարկել առաջարկները. «Իմ կարծիքով՝ որևէ բռնություն պատիվ չի բերի մեր երկրին, ժողովրդին, քաղաքական ուժերին, որպեսզի ուղղորդեն դեպի բռնությունը: Որևէ լցոնման դեպք, որևէ կրակոց չի գրանցվել, անցել է հաշտ պայմաններում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իր համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերը: