Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն բաց է թողել լավագույն ժամանակը
27/02/2013 20:49

Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն բաց է թողել լավագույն ժամանակը

Հայաստանի նախագահական ընտրություններից հետո երկրում ձևավորված քաղաքական իրավիճակի հետ կապված Panorama.am կայքին հարցազրույց է տվել վերլուծաբան, Prm.am կայքի խմբագիր Հրաչ Գալստյանը, որը և ներկայացվում է ստորև.

-Այս իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանը կամ իր մերձավոր շրջապատը ի՞նչ պարգմատիկ նպատակներ է հետապնդում:

-Ես կարող եմ միայն ենթադրություններ անել: Միայն այն հանգամանքը, որ իրենք չէին նախապատրաստել սաեփասկան ցանցը, խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ չէին հաջողության, նրանք չէին սպասում հաջողություն և չէին գնում դրան: Չկար ոչ մի ծրագիր, թե ինչ պետք է անել հաջողության հասնելուց հետո, կամ` ինչպես պետք է պահել այդ հաջողությունը: Ու հիմա տեսնում ենք այս բանի արտահայտությունները: Գործողությունները հախուռն և քաոտիկ են:

Ասում են, թե նուրբ մշակված մարտավարություն են իրականացնում, բայց դա իրականում այդպես չէ: Իրականում այն ինչ-որ կատարվում է, ավելի շատ սեփական անելիքը, սեփական դերակատարումը չիմանալու հետևանք է, քան ինչ-որ մարտավարական սխեմա: Իմ կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն բաց է թողել լավագույն ժամանակը:

Սառը, դատող մարդը արդեն ընտրության առաջին գիշերը պետք է ժամանակ վերցներ, փակվեր սենյակում և մտածեր, այլ ոչ թե տեղամասերը փակելուց 4 ժամ անց հայտարարություններ աներ, որ 80-20 հարաբերակցությամբ հաղթել է: Ինքը մինչև առավոտ պետք է ժամանակ վերցներ և մտածեր հարցի՝ թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական, թե՛ իրավական կողմերի մասին, սեփական ռեսուրսների ու հնարավորությոքւնների մասին… վերջապես՝ պետության մասին, եթե իհարկե անհույս լավատես չեմ մարդկանց հանդեպ իմ հավատում:

Այս դեպքում նրա համար պարզ կդառնար, որ ընտրությունները բողոքարկելու իրավական հիմքեր չունի: Առանց իրավական հիմքերի ցանկացած դատարան, լինի դա Հայաստանում, թե ասենք` Նյու-յորքում կամ Բրյուսելում, զգացմունքների կամ ինչ-որ հաշվարկների վրա հիմնված գործը նույնիսկ քննության չի առնի: Իսկ իրավական հիմքեր նա չունի և չի կարող ունենալ, որովհետև այդ մասին նա չի մտածել:

Երկրորդ` նա չունի շարունակական, երկարատև ակտիվության համար անհրաժեշտ և բավարար ռեսուրսներ: Իսկ դրա համար շատ մեծ ռեսուրսներ են պետք: Դրանք նա պետք է վերցնի ուրիշներից, իսկ դա արդեն պատասխանատվություն է: Նրանց հանդեպ նա պետք է պատասխանատվության կրի, այսինքն` սեփական սուվերանությունը զիջի մեկ ուրիշին:

Այս բոլորը քննարկելուց հետո նա կարող էր գալ որոշակի հետևությունների և, ասենք, սեփական դեմքը պահելու համար հայտարարեր, որ ընտրությանները կեղծվել են, բայց մենք չունենք փաստացի հիմքեր, և պատրաստակամություն հայտներ այս կամ այն կերպ ընտրությունների արդյունքները օանաչելու: Իսկ հիմա նա գնաց մի իրավիճակի, որն արդեն դուրս է գալիս իր վերհսկողությունից:

Խաղի մեջ են մտում մեծ ու փոքր խմբեր և խմբավորումներ, և ամեն մեկն իր խաղն է խաղում` սկսած մի փոքր՝ քաղաքացիական ակտիվիստների խմբերից և վերջացրած հզոր հնարավորություններ և ռեսուրսներ ունեցող խմբերով: Բնականաբար, հետագա էսկալացիան լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական սուվերենության հաշվին:

-Շրջանառվում է նաև այն տեսակետը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ամենի հաշվին որոշակի առումով քաղաքական կապիտալ է կուտակում և լուծում է հետագա իրացման խնդիրը:

-Այս ամենի արդյունքում նա կարող է նաև կորցնել այդ կապիտալը: Նա կարող է դա կորցնել թե սուվերենության կորստի՞, և թե պահպանման դեպքո՞ւմ, և դրան կարող է գումարվել նաև բողոքող զարգվածի` փողոցի ակնկալիքների ճնգնաժամը:

Բոլորը միաժամանակ: Փողոցի ակնկալիքների ճգնաժամը կարող է միանալ այդ ամեն ինչին: Քաղաքական և ոչ միայն քաղաքական թիմի համար կարևոր է որոշումներ կայացնելու, այդ որոշումները իրացնելու և րացման ընթացքը վերհսկելու և հետագայում էլ, անհրաժեշտության դեպքում, կրիտիկական կառավարում իրացնելու հնարավորությունը: Հայաստանում դժվար թե գտնվի որևէ մեկը, ով կկարողանա պնդել, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը կամ մերձավոր շրջապատը ունի այդ հնարավորությունները: Սա լուրջ խնդիր է Րաֆֆի Հովհաննիսյանի և ամբողջ շարժման համար: Դա խնդիրներ է ստեղծում նաև մեզ բոլորիս համար, նաև՝ պետության համար:

-Կարելի՞ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի ճգնաժամային կառավարման մեխանիզմներ, բայց դրանով հանդերձ իրավիճակը տանում է ճգնաժամի:

-Ես չէի ասի, որ իրավիճակը գնում է ճգնաժամի կամ գոնե էսկալացիայի: Ընթացքը դեռևս բավականին հանդարտ է, բայց դա չի բացառում այն ամենը, ինչի մասին ես խոսեցի: Դա լուրջ քաղաքական անպատասխանատվություն է: Անկեղծ ասած, Րաֆֆի Հովհանիսյանից այլ ակնկալիք ես երբեք չեմ ունեցել: Այս գործիչի հնարավորությունների մասին իմ կարծիքը հայտնի է՝ ես այն արտահայտել եմ բազմաթիվ հրապարակումներում:

-Իսկ ի՞նչ կարելի է կանխատեսել: Որքա՞ն կարող են տևել հանրահավաքները:

-Կանխատեսել հնարավոր չէ: Հնարավոր է` երկու, հնարավոր է` երեք շաբաթ: Հնարավոր է` հետո հայտարարվի, որ, ասենք, ամեն ուրբաթ կամ շաբաթ հավաքվում ենք: Ինչ-որ բանաձև պետք է գտնվի՝ ի վերջո բանական մարդիկ են, կարծում եմ: Հարաճուն, դասական մոդելի հեղափոխության զարգացման գրավականը եղել է տարածման հնարավորությունը:

Երբ ԽՍՀՄ-ում էքստենսիվ տարածման հնարավորությունները սպառվեցին, հեղափոխությունը սկսեց գեներացվել ներսում: Սկսվեց նոր թշնամիների հայտնաբերումը, դրանց ոչնչացումը և այլն: Դասական հեղափոխության գլխավոր բնութագիրըը սա է, և նման մի բան մեզ մոտ դժվար թե լինի: Հա՛, հանրային գործընթացներն անկանախատեսելի են` ըստ սահմանման: Մենք կարող են միայն ասել, թե իրավիճակն իր մեջ ինչ հնարավորություններ ունի: Այսօրվա իրավիճակը ունի այն հնարավորությունները, ինչի մասին խոսեցինք արդեն:

-Արդեն երկու տասնօրյակից կմեկնարկեն Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, ինչ կարելի է կանխատեսել այս համատեքստում:

-Եթե ամեն ինչ շարունակվի այս տրամաբանությամբ, ապա Երևանում «Ժառանգությունը» կունենա մի փոքր ավելի շատ ձայներ, քան թե նախորդ` խորհրդանական ընտրությունների ժամանակ: Եթե «Ժառանգությունը» գնա իրավիճակը կապիտալացնելու ուղղությամբ, կարող է լուրջ տեղերի հավակնել: Ընտրությունների շրջանը կհամընկնի ակնկալիքների ճգնաժամի հետ: Դա մենք տեսել ենք Հայաստանում բոլոր սրացումների ժամանակ:

Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն բաց է թողել լավագույն ժամանակը