.jpg)
Կարծիք. Փողոցով իշխանափոխությունը բերում է իշխանության խառը թիմի ձևավորման
Prm.am կայքի խմբագիր, վերլուծաբան Հրաչ Գալստյանը հայաստանյան հետընտրական վերջին զարգացումների հետ կապված հարցազրույց է տվել Panorama.am կայքին, որը և ներկայացվում է ստորև.
-Վերլուծական որոշ շրջանակներում, նաև դրսում, որոշ արձագանքներ կան, որ «Բարև հեղափոխությունը» աստիճանաբար մարում է: Մասնավորապես, ռուսական կայքերից մեկը «Пока революция» («Ցտեսություն, հեղափոխություն») վերանգրով նյութ էր հրապարակել: Այսինքն՝ ակնարկ է արվում, որ հետընտրական ակտիվությունը մարում է: Կարելի՞ է համաձայնել այս գնահատականի հետ, ու ի՞նչպիսի հիմքեր կան դրա համար:
-Մինչ դրան անդրադառնալը, կցանկանայի մի քիչ այլ բաներից խոսել: Սոցիալական ցանցերում բոլորս ենք լինում: Ես վերջերս պասիվ էի, բայց այս քանի օրը մի քանի տեղ մեկնաբանություններ գրել եմ:
Դրանցից մեկում նշել եմ, որ փողոցով իշխանափոխությունը ամենավերջին բանն է, որ ես կցանկանայի, որ Հայաստանում լիներ, որովհետև փողոցով իշխանափոխությունը բերում է իշխանության խառը թիմի ձևավորման: Հետո որոշ ժամանակ է անցնում, մինչև իշխանության ներսում տարբեր խմբավորումներից մեկը գերիշխանություն է ձեռք բերում:
Հետո մի որոշ ժամանակ է անցնում, մինչև այդ գերիշխանությունը հաստատվում է, իսկ հետո գալիս է փողոցի ակնկալիքների ճգնաժամը, և փողոցի ակնկալիքների ճգնաժամի հիմքով կարող է լինել հաջորդ իշխանափոխությունը… ու այդպես շարունակ: Սա Հայաստանի համար ամենավատ ճանապարհն է՝ հաշվի առնելով մեր իրավիճակը ՝ Ղարաբաղի հակամարտություն, Թուրքիայի հետ չկարգավորված փոխհարաբերություններ և ընդհանրապես բոլոր հարևանների հետ ոչ այնքան պարզ փոխհարաբերություններ, ներդրումների համար բարձր ռիսկեր և այլ:
Ինչ վերաբերում է ակտիվության այս ալիքի մարել չմարելուն: Այո` թե՛ հարթակում եղածները՝ կազմակերպիչները, թե այսպես ասած «փողոցը» պասիոնար չեն: Կան պրոֆեսիոնալ խմբեր ու անհատներ, այսպես կոչված ակտիվիստներ, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործն են անում: Իմ վերջին վերլուծություններից մեկում այդ մասին խոսել եմ. քաղաքացիական ակտիվիզմը համադրել եմ և նույն հարթության մեջ եմ դրել, ինչ քաղաքական գործունեությունը:
Քաղաքացիական ակտիվիզմն այն ձևով, որ այսօր կա Հայաստանում, ներքին պատվեր չունի: Այսպես, թե այնպես, ներքին սպառում ունի, բայց ներքին պատվեր, որպես այդպիսին, չունի: Այնպես որ, դժվար թե կարելի է ենթադրել, որ այս փողոցով ու այս հարթակով ակտիվությունը կարող է երկար տևել:
Մի խնդիր էլ կա` ռեսուրսները: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը ռեսուրսներ չունեն: Այլ խնդիր է, որ որևէ մեկ այլ ուժ, որը շահագրգռված է Հայաստանում լարվածության պահպանմամբ, կարող է ռեսուրսներ տրամադրել: Այդ ժամանակ կարող ենք ասել՝ «որ ով պատվեր է տալիս, նա էլ պարացնում է»:
Եվս մեկ կարևոր բան: Շատ են օգտագործվում ժողովուրդ, հանրային գերակա շահ հասկացությունները: Սրանք զուտ էմոցիոնալ հարթությունում ձևակերպվող հասկացություններ են՝ որևէ՝ այլ նշանա չեն ենթադրում:
Երբ խոսում են գերակա շահից, ասում են ոչինչ: Ամեն մեկը, ով խոսում է ժողովրդի անունից, ինքն է իր համար ձևակերպում՝ ինչ ասել է ժողովուրդ, գերակա շահ և այլն, և ասում է իր մտածածը, և միայն իր մտածածը: Այնպես որ, ես խորհուրդ չէի տա որևէ մեկին խոսել ժողովրդի, ժողովրդի գերակա շահի հասկացություններով: Ճիշտ է` դրանք, կարծես թե, էմոցիոնալ, պասիոնար ծանրաբեռնվածություն, բայց, ըստ էության, ոչինչ չեն ասում: Իսկ հարթակում, նույն Րաֆֆի Հովհաննիսյանը այդ բառերը շատ-շատ է շահարկվում: Ես դա կձևակերպեի՝ որպես իմաստի բացակայություն:
-Կարելի՞ է ասել, որ անընդհատ հղում անելը այդ ընդհանուր ձևակերպումներին, հասկացություններին նա մի կողմ է թողնում պատասխանատվության, ընդ որում՝ անհատական ու քաղաքական պատասխանատվության հարցը:
-Ես ավելի շուտ կասեի՝ սուբյեկտության, որովհետև քաղաքականությունը սեփական սուբյեկտության ձևակերպումն է կոնկրետ քաղաքական լեզվով: Դա նշանակում է սեփական սուբյեկտությունից հրաժարվել, ինչը հղի է լուրջ բարդություններով և խնդիրներ է հարուցում: Բոլորը՝ և Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած ինքը ասում է, որ թիմ չունեմ, և այն մարդիկ, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքն են կանգնած, բոլորը կարծես խոսքները մեկ արած են. ոչ մեկը չի ասում «ես»` ես եմ ասել, ես եմ արել, ես եմ իմ արածի պատասխանատուն, ինչը սեփական սուբյեկտության ձևակերպումն է:
-Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ես ընտրված նախագահ եմ, ժողովուրդն ինձ ընտրել է, և ակցիաների շարք է սկսել: Ի՞նչ կոնկրետ քաղաքական խնդիրներ է հետապնդում՝ հաշվի առնելով, որ գոնե իր օգտագործած լեքսիկայի շրջանակներում պետք է լինեն սահմանադրական փոփոխություններ, իսկ Սահմանադրությունը, կարծես թե, այս իրավիճակում իր համար ցանկալի կամ հրապարակում հնչեցվող լուծումները չի տալիս:
-Այնուամենայնիվ, մի քիչ հետ պետք է գնանք: Ընտրությունը, որպես այդպիսին, նեղ իմաստով ունի մի քանի կոմպոնենտ՝ քաղաքական ֆոնը, իրավունքի իրացումը, ընտրության լոգիստիկան` այն մարդիկ և ինստիտուտները, որ ընդգրկված են գործընթացի մեջ, և ընտրողները:
Սկզբում քաղաքական ֆոնի մասին: Քաղաքական ֆոնը ստեղծվել է վերջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում: Այն սկսվեց և ձևակերպվեց այն բանից հետո, երբ մեր քաղաքական ակտորները, ֆիգուրանտները պատրաստակամություն հայտնեցին մեկ-մեկու ճանաչել՝ որպես քաղաքական ֆիգուրանտներ:
Դրանից առաջ մեկը մյուսին «ավազակապետ» էր կոչում, մյուսը՝ «հանցագործ», երրորդը` «դավաճան» և այլն: Այսինքն՝ դրանից առաջ միմյանց որպես քաղաքական ֆիգուրանտ չէին ճանաչում՝ որոշակի իրավունքներով, շահերով, պարտավորություններով. եթե իրավունք և շահ չկա, չկա և պարտավորություն:
Արդեն երկու-երկուսուկես տարի առաջ այդ նոր քաղաքական ֆոնը սկսեց ձևակերպվել: Այն, որ ասում են դիալոգ, հենց սա է, որն, ըստ էության, կայացած է: Այսինքն՝ քաղաքական ֆիգուրանտները մեկը մյուսին ճանաչում են որպես այդպիսին:
Այս նախընտրական շրջանում, բուն քվեարկության օրը ու մասամբ նար դրանից հետո ամեն ինչ արվեց, որպեսզի քաղաքական ֆիգուրանտները դիտվեն՝ հենց որպես քաղաքական ֆիգուրանտ:
Այլ խնդիր է, որ հենց իրենք՝ քաղաքական ֆիգուրանտները, մասամբ հրաժարվելով իրենց սուբյեկտությունից, կարծես թե, հրաժարվում էին որպես քաղաքական ֆիգուրանտ հանդես գալուց: Դա վերաբերում է գործնականում բոլորին: Նույնիսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, հրաժարվեց պառլամենտական ընտրություններում դրված ավանդույթից, երբ պարզապես գնում էր գյուղեր ու քաղաքներ, հանդիպումներ էր ունենում բոլոր մարդկանց հետ:
Այս անգամ նա նախընտրեց հանդիպել ավելի շատ դահլիճային ձևաչափով` ոչ թե ընտրողների, այլ ընտրությունները կազմակերպողների հետ: Այդուհանդերձ, նրա ելույթները քաղաքական էին: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում էր մարդկանց հետ, այսինքն` այս կողմից ամեն ինչ ճիշտ է, բայց ելույթները քաղաքական չէին՝ որպես այդպիսին:
Քարոզարշավի ողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական լեզու չի օգտագործել: Օգտագործել է, ասենք, բարության լեզուն, առօրեականության լեզուն, մասամբ՝ էսթետիկայի և այլն… ամեն ինչ՝ բացի քաղաքական լեզվից:
Ոչ մի քաղաքական հայտարարություն, ոչ մի քաղաքական պատասխանատվություն այս մարդը իր վրա չի վերցրել: Իսկ այն, ինչ ասել է կոնկրետ, իսկ իր ամբողջ ասածներից ես ընդամենը երեք բան եմ կարողացել առանձնացնել. մեկը՝ Ղարաբաղի անկախության ճանաչումն է, մյուսը՝ Թուրքիային ուլտիմատում ներկայացնելն է և երրորդը՝ մեղավորներին պատժելու ցանկությունն է: Եթե սա համարենք քաղաքական, ուրեմն երեքն էլ Հայաստանի համար ոչ միայն կրիտիկական են, այլև` կործանարար:
Մեկ անգամ լսեցի՝ ինքն իրեն հարց էր տալիս, թե արդյոք այդ ամենը արկածախնդրություն չէ… և պատասխանեց թե ոչ, արկածախնդրություն չէ: Ես նույնպես ասում եմ՝ ոչ, արկածախնդրություն չէ` ավելին է, քան արկածախնդրությունը, կործանարար է: Այսինքն՝ Ղարաբաղի անկախության ճանաչումը նշանակում է պատերազմի հայտարարում, Թուրքիային ուլտիմատում ներկայացնելը նշանակում է պատերազմ երկու ճակատով՝ առանց դաշնակիցների, որովհետև ագրեսորը Հասյաստանն է.
Թուրքիային ուլտիմատում ներկայացնելը ագրեսիա է, Ղարաբաղը ճանաչելը ագրեսիա է: Հարցն այն չէ, որ Ղարաբաղի անկախությունը չենք կարող ճանաչել ընդհանրապես: Կարող է լինել մի իրավիճակ, երբ Ղարաբաղի անկախության ճանաչումը դառնա ծայրահեղ անհրաժեշտություն: Սակայն այս իրավիճակում Ղարաբաղի անկախության ճանաչումը ագրեսիա է: Մեղավորներին պատժելու մասին էլ չասեմ: Գոյություն ունեն օրենքներ: Բռնել-պատժելը ո՞րն է: Դա ագրեսիա է հասարակության և երկրի օրենքների հանդեպ:
Այսինքն՝ բարություն քարոզող մարդը, ով իսկապես բարություն էր քարոզում, և, հնարավոր է, ինքն իսկապես շատ բարի մարդ է, քաղաքական ամենակոնկրետ հայտարարություննեում հանդես գալիս է որպես ագրեսոր:
Ինչևիցե, քաղաքական ֆոնը կար, և դա բավարար էր, որպեսզի իրացվեր հաջորդ կոմպոնենտը՝ իրավունքը, առավել ևս, Հայաստանի օրենքներն ու Սահմանադրությունը դրա հնարավորությունը տալիս են:
Օրինակ, տեղամասերում ընդդիմությունը պետք է ունենար ոչ պակաս, քան 50% ձայներ. 8 տեղ է տեղամասային ընտրական հանձնաժողովներում` 4 տեղ ընդդիմությունը պետք է ունենար, 4 կամ պակաս տեղ՝ իշխանությունը: Այսինքն՝ դա բավական էր, որպեսզի քաղաքական սուբյեկտը, քաղաքական ֆիգուրանտը հնարավորություն ունենար իրավունքը իրացնելու համար: Հիմա ես հարց եմ տալիս ինձ և մյուսներին. կամ այդ իրավունքը իսկապես իրացվել է, և այն, ինչ հիմա կատարվում է, դեմագոգիա է, կամ էլ իրավունքը չի իրացվել իրենց իսկ մեղքով:
Իսկ չորրորդ կոմպոնենտը՝ ընտրողները, նույնպես սեփական սուբյեկտությունը իրացրել են միայն մասամբ՝ դա ակնհայտ է: Պատճառները շատ են, այդ մասին շատ երկար կարող ենք խոսել: Այդ մասին կարող է խոսել սոցիոլոգը, քաղաքագետը, հոգեբանը և ցանկացած այլ մասնագետ:
Բայց ես պատճառներից երկու հիմնականն առանձնացնեմ: Մեկն` այսպես կոչված, ուղղորդողներին ենթարկվելու պատրաստակամություն է: Ուղղորդողներ շատ կան: Դա նորմալ է: Դա լեգիտիմ գործողություն է: Ամբողջ աշխարհում է այդպես: Քաղաքական տարբեր թիմեր ուղղորդում են մարդկանց, հնարավոր մոտիվացիաներ ստեղծում:
Մեր մոտ, ըստ ամենայնի, ուղղորդողին ենթարկվելու պատրաստականությունը, ավելի թույլ մոտիվացիաներով, շատ մեծ է, քան թե ավելի կազմակերպված համակարգերում: Եվ երկրորդը, որն ավելի կարևոր է՝ դա հրաշքի ակնկալիքն է: Թույլ կազմակերպված և միֆականացված համակարգերում, ինչպիսին մերն է, այն կապվում է մարդկանց գործողության և, լայն իմաստով, ընտրության հետ` այսօր առավոտյան ո՞ւր եմ գնում, ի՞նչ եմ անում, այս մարդու հետ ինչպե՞ս եմ վարվում և այլ:
Հրաշքի ակնկալիքը ամենահիմնական շարժառիթներից մեկն է: Այսինքն` կլինի մի հրաշք, կհայտնվի ոմն մի Պողոս Պողոսյան, Արկադի Վարդանյան, Արկադի Պողոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, և վաղը հրաշք կլինի և կյանքը կփոխվի: Վաղը ամեն ինչ կփոխվի` կոռուպցիան կվերանա, կառավարումը կլավանա, թոշակները կավելանան, աղետի գոտին կվերակառուցվի և բազմաթիվ լավ բաներ կլինեն: Այսպես չի լինում: Ցանկացած` նույնիսկ ամենալավ ընտրության ընթացքում, կառավարման համակարգում իրականացվող փոփոխությունը կարող է լինել ոչ ավել, քան 10 տոկոս:
Դա ամենևին չի նշանակում, որ ընտրական համակարգը կարևոր չի: Այն, իհարկե, կարևոր է: Սակայն 1995թ ընտրություններից այս կողմ, մարդկանց գործելակերպում հրաշքի ակնկալիքը եղել է մոտիվացիոն հիմքերից ամանաառաջինը: Դա իրողություն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հետխորհրդային բոլոր երկրներում: Հրաշք չի լինելու: Պետք է աշխատել, ծանր աշխատել, վատ ապրել ու աշխատել: Ամբողջ աշխարհն է այդ ճանապարհով անցել: