ԼՂՀ ԱԳ նախարարը Լիտվայի Սեյմասում հանդիպումներ է ունեցել
27/02/2013 19:11

ԼՂՀ ԱԳ նախարարը Լիտվայի Սեյմասում հանդիպումներ է ունեցել

2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանում՝ Սեյմասում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև լիտվացի այլ խորհրդարանականներ, Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:

Նախարարը ողջունել է բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը՝ այն բնութագրելով որպես ժողովրդավարության սկզբունքների հիման վրա անկախ պետականության կերտման ճանապարհին ԼՂՀ ժողովրդի ունեցած ձեռքբերումների անաչառ գնահատական: Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ այն օրինակելի նախադեպ կհանդիսանա այլ երկրներում ևս Արցախի ժողովրդի կամաարտահայտությանը սատարելու համար` անդառնալի դարձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը:

Հանդիպման արդյունքում երկուստեք կարևորվել է խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական բնույթ հաղորդել դրան:

Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

ԼՂՀ ԱԳ նախարարը Լիտվայի Սեյմասում հանդիպումներ է ունեցել