Հունաստանում ոգեկոչել են Սումգայիթի անմեղ զոհերին
27/02/2013 20:22

Հունաստանում ոգեկոչել են Սումգայիթի անմեղ զոհերին

Փետրվարի 24-ին Հունաստանի Աթենք, Սալոնիկ և Կոմոթինի քաղաքներում տեղի ունեցան 1988թ. Սումգայիթում իրագործված ոճրագործության 25-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Աթենքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր եպիսկոպոսական պատարագ և հոգեհանգիստ` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ և Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի, Հունահայոց Ազգային Վարչության ատենապետի ու անդամների, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի, Հոգաբարձության անդամների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ:

Սրբազան հայրը իր քարոզում հատուկ անդրադարձ կատարեց Սումգայիթի անմեղ հայ բնակչության հանդեպ կատարած ոճրագործությանը:

Աթենքի Ս. Աստվածածին եկեղեցում հոգեհանգստի արարողություն կատարեց Հայր Խորեն Առաքելյանը, որը նույնպես անդրադարձ կատարեց սումգայիթյան դեպքերին:

Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցում հոգեհանգստյան արարողություն կատարեց Սահակ վարդապետ Եմիշյանը: Ներկա էին Ազգային վարչության և թաղային խորհրդի, համայնքային միությունների ներկայացուցիչներն ու անդամները, ինչպես նաև Սալոնիկի մարտական ապահովման սպայական ռազմական դպրոցում ուսանող հայ կուրսանտները:

Հայր սուրբը իր քարոզում խոսեց սումգայիթյան ջարդերի մասին, որոնց զոհ դարձան անմեղ հայրենակիցները: Արարողության ավարտին մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սալոնիկում տեղադրված խաչքար-հուշակոթող, ուր թաղային խորհրդի ատենապետ Վարդգես Կոնդակչյանը դափնեպսակ զետեղեց: Ներկաները հնչեցրեցին «Մեր հայրենիքը»:

Կոմոթինիի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ և հոգեհանգիստ մատուցեց Թրաքիայի հոգևոր հովիվ Տ. Պողոս քահանա Բալթայանը` թաղային խորհրդի և գաղութային միությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

Մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգվեց զոհերի հիշատակը: Տեղի ունեցավ դափնեպսակի զետեղում թաղային խորհրդի փոխատենապետ Միհրան Եսայանի կողմից:

Հունաստանում միջոցառումների մեկնարկը տրվել էր փետրվարի 17-ին` երկրի հյուսիասային Կավալա քաղաքի Ս. Խաչ եկեղոցում` Տ. Պողոս քահանա Բալթայանի կատարած պատարագով և հոգեհանգստի արարողությամբ:

Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական զանգվածային լրատվության միջոցների կողմից:

Հունաստանում ոգեկոչել են Սումգայիթի անմեղ զոհերին