Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կահիրեում
27/02/2013 20:15

Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կահիրեում

Կահիրեի «Պըլըքտանյան» սրահում Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Հայոց Առաջնորդարանի համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Ցեղասպանությունից մինչև Սումգայիթ» խորագրով հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բացման խոսքով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և սումգայիթյան ջարդերի միջև` ՀՀ դեսպանը մատնանշեց մարդկության նկատմամբ այդ հանցագործությունների օրգանական կապը և, որպես ընդհանրություն ընդգծեց, որ երկու դեպքում էլ իրական ոճրագործները մնացել են անպատիժ և չեն տրվել լիարժեք գնահատականներ:

Այնուհետև ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը և ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։

Ռուբեն Սաֆրաստյանը, մասնավորապես, անդրադարձավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագրի ծագման և զարգացման փուլերին` ընդհուպ մինչև իրագործում: Նա խոսեց այն վավերական փաստաթղթերի մասին, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության` երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված լինելու փաստը:

Կարեն Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ի պատասխան ԼՂԻՄ ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները 1988թ. փետրվարին կազմակերպեցին և իրագործեցին Սումգայիթի հայերի ջարդերը:

Նա հավելեց, որ Սումգայիթը հայերի էթնիկական զտման ծրագրի միայն սկիզբն էր: Սումգայիթին հետևեցին Բաքվի, Գանձակի, Մարաղայի և այլ բնակավայրերի հայերի ջարդերը։

Բանախոսները վերջում պատասխանեցին ներկաների բազմաբնույթ հարցերին։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց բուլղարացի լրագրող և հրապարակախոս Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը։ Հանդիսությունը եզրափակվեց Կահիրեի Հայոց Թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի փակման խոսքով:

Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կահիրեում