Ր. Հովհաննիսյան. Սուրիկ Խաչատրյա'ն, Ձեր հրաժարականը ժողովուրդն է պահանջում
27/02/2013 16:29

Ր. Հովհաննիսյան. Սուրիկ Խաչատրյա'ն, Ձեր հրաժարականը ժողովուրդն է պահանջում

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր շարունակում է իր մարզային այցելությունները: Այս պահին Հովհաննսիյանը ելույթ է ունենում Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Կապանում դիմելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.

«Ես հարգում եմ ձեր հետագիծը: Բայց դուք գիտեք, որ Նժդեհը, Կապանն ու Հայաստանը կեղծիքներ չեն հանդուրժի: Ժողովուրդ, մենք պարտավոր ենք հարգել այդ մարդու անցյալը, բայց պետք է հասկանալ նաև, որ անցյալն այլևս անցյալ է: Ձեր ներկան դուք կերտեցիք փետրվարի 18-ին: Պարոն Խաչատրյան այսօր այստեղ ոչ թե ես եմ ձեր հրաժարականը պահանջում, այլ ժողովուրդը, որովհետև ժողովրդի ձայնը կեղծել չի կարելի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ Հովհաննիսյանի ելույթն ընդհատեցին մի խումբ քաղաքացիներ, ովքեր նախ նշեցին, որ գոհ են մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործունեությունից, ապա` հետաքրքրվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի արտաքին քաղաքական ծրագրերով.

«Այո', արտառոց ոչ մի բան չկա: Կապանի հրապարակը միշտ հենց այսպիսին պիտի լինի: Կապանի հրապարակում այսպիսի ազատ խոսք պետք է լինի միշտ: Բայց ժողովրդի ազատ խոսքն ու ազատությունը պետք է հարգեն նաև պարոն Խաչատրյանն ու պարոն Սարգսյանը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կապանցինե'ր, փետրվարի 18-ի ձեր ընտրությամբ դուք Գարեգին Նժդեհին հետ բերեցիք Կապան, հետ բերեցիք Խուստուփ սարը: Հիշեք, այլևս ոչ ոք Կապանում ձեզ չի խեղդելու: Բարև Սյունի'ք, բարև Կապա'ն, մենք հաղթել ենք»,- իր ելույթն այսպես ավարտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Ր. Հովհաննիսյան. Սուրիկ Խաչատրյա'ն, Ձեր հրաժարականը ժողովուրդն է պահանջում