.jpg)
Քաղաքապետը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ համագործակցության ծրագրերի ընթացքը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Կարևորելով ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցության համար և, ի մասնավորի, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին, ընդգծել, որ առաջին փուլով իրականացված վերակառուցման և արդիականացման աշխատանքները արդեն իսկ փաստում են, որ ծրագիրը հաջողված է: Քաղաքապետը նաև վստահություն է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլը ևս կունենա նույն արդյունավետությունը.
«Գաղտնիք չէ, որ մետրոն ապահով և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցի համարում ունի ամբողջ աշխարհում և մենք շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ և շրջակա միջավայրի ենթակառուցվածքների փոխտնօրեն Լին Օ՚ Գրեդին իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ՎԶԵԲ-ի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը:
Մասնավորապես կողմերը քննարկել են նաև կոշտ թափոնների կառավարման և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի բարելավման ծրագրի իրագործման հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել նախատեսվող ծրագրերը կյանքի կոչելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել համակողմանի ու մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար: