.jpg)
«Ժառանգությունը» փոխեց երթի ժամը. Ոստիկանները և քաղաքապետարանը տեղյակ չեն
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փոփոխության է ենթարկել Մարտի 1-ի ողբերգության զոհերի ոգեկոչման երթի ժամը:
Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի 21.02.2013թ. իրազեկումը՝ ս/թ մարտի 1-ին, ժամը 17.00-19.45 Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անկացնելու վերաբերյալ:
Սակայն այսօր Ազատություն հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը կեսօրին հերթական բացօթյա ասուլիսը կտա, այնուհետև նա կառաջնորդի Մարտի 1-ի ողբերգության զոհերի հիշատակի ոգեկոչման երթը դեպի Մյասնիկյանի հուշարձան:
Պարզելու համար, թե ՀՀ ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանն իրազեկվա՞ծ են երթի ժամանակացույցի փոփոխությունից, Aysor.am-ի թղթակիցը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով ասաց, որ քաղաքապետարանը, ըստ «Ժառանգության» հայտի, թույլատրել էր Մյասնիկյանի արձանի մոտ 17:00-ից մինչև 19:45-ը հավաք անցկացնել:
«Սակայն հիմա ստացվում է, որ առանց իրազեկման ինչ-որ բան են կազմակերպում: Բնականաբար, եթե քայլերթ են կազմակերպելու, դա նշանակում է, որ անցնելու են փողոցներով, իսկ այս դեպքում պետք է անվտանգությունն ապահովի ոստիկանությունը»,- մանրամասնեց Ա. Գևորգյանը:
Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ ոստիկանության հետ և առհասարակ խնդիրներ չեն առաջանա:
«Քանի որ պարոն Հովհաննիսյանը, օրվա խորհրդի առիթով, փոխեց միքտը և նման ցանկություն հայտնեց, ես վաղն անպայման քաղաքապետարան գրություն կուղարկեմ, որ շտապ միջոցառում է եղել, որևէ խնդիր չկա»,- հավաստիացրեց «Ժառանգություն» կուսակցության անդամը:
Ի պատասխան Արմեն Մարտիրոսյանի՝ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության Ա. Գևորգյանը հիշեցրեց, որ իրազեկումը պետք է լինի առնվազն 7 օր առաջ. «Այս դեպքում չգիտեմ Արմեն Մարտիրոսյանն ինչն է հիմք վերցնում, առավել ևս, որ պետք է երթ անցկացնեն: Եթե առավոտյան իրազեկեն, մենք էլ պատասխանը պաշտոնական արդեն կտանք»:
Նույն հարցի շուրջ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը նկատեց. «Առավոտյան կիրազեկեն, որ ի՞նչ»,- ասաց նա` հավելելով, թե իրենք կարող են պատասխանել այն ժամանակ միայն, երբ գրություն լինի:
«Ժառնագություն» կուսակցությունից մեկ այլ անդամ Հովսեփ Խուրշուդյանն էլ Aysor.am-ին ասաց, թե քայլերթի ժամանակ մարդիկ մայթերով պետք է քայլեն և իրենք փողոց չեն փակելու:
Հարցին, թե բոլոր դեպքերում երթևեկության և անվտանգության հետ կապված նախապատրաստական աշխատանքներ հարկավո՞ր չեն, որ իրականացնի ոստիկանությունը, Խուրշուդյանը նկատեց, թե այդ օրվա` մարտի մեկի համար իրենք մեկ այլ ժամին արդեն իսկ ունեն իրազեկում. «Մեծ տարբերություն չկա, կարծում եմ»: