.jpg)
«Modern.az». Խոջալուի ողբերգության մեղավորը Ադրբեջանի ժողովրդական ճակատն է
Խոջալուի դեպքերի ժամանակ Ադրբեջանի իշխանության և ընդդիմության միջև անվստահությունն այնքան մեծ էր, որ մեկի գոյությունը մյուսի համար սպառնալիք էր դարձել: Այս մասին «Modern.az» կայքին հայտնել է Ադրբեջանի «Հզոր համակարգ» կուսակցության նախագահ, պատգամավոր Մազիլ Մուստաֆան:
«Խոջալուի ողբերգության մեջ Ադրբեջանի ժողովրդական ճակա՞տն է մեղավոր» վերնագրով նյութում պատգամավորը նշում է. «Որպես իրադարձությունների էպիկենտրոնում եղած անձ` գտնում եմ, որ Մութալիբովի ամենալուրջ սխալներից մեկն այն էր, որ նա, անմիջական շփման մեջ մտնելով, փոխզիջման ուղիներ չէր փնտրում ժամանակին հզոր ուժ հանդիսացող Ադրբեջանի ժողովրդական ճակատի և նրա նախագահ Աբուլֆազ Էլիչբեյի հետ: Խոջալուի ողբերգության ժամանակ իշխանության և ընդդիմության միջև անվստահությունն այնպիսի մակարդակի վրա էր, որ մեկի գոյությունը մյուսի համար սպառնալիք էր դարձել»:
Հիշեցնենք, որ 1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր:
Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիևի հրամանով լուծարվել է, իսկ հետաքննությանը վերաբերվող նյութերը սկսել են գաղտնի պահվել: