.jpg)
Զոհրաբյան. ԲՀԿ-ին տեղյակ չեն պահել Հ. Աբրահամյանի հետ հանդիպման մասին
«Շատ տրամաբանական է, որ այդ հանդիպմանը մենք չենք եղել, և որևէ արտառոց բան դրանում տեսնել պետք չէ: «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ներկայացրել են իրենց առաջարկները, թե ինչ համակարգային փոփոխություններ են տեսնում հետընտրական զարգացումները հաղթահարելու համար»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ են հանդիպել «Ժառանգության» և ՀՅԴ խմբակցության ղեկավարները, ինչո՞ւ ԲՀԿ-ն չի մասնակցել այդ խորհրդակցությանն ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ավելացրեց նաև, որ իրենց այդ հանդիպման մասին տեղյակ չի պահվել, քանի որ այդ հանդիպմանը երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց օրակարգը.
«Ես զրուցել եմ ԱԺ նախագահի հետ, մեզ տեղեկացվել է, որ առաջիկայում նախատեսվում է քաղաքական ուժերի ֆորմատով քննարկում` կլինի դա արտահերթ նիստի տեսքով, թե որևէ այլ ֆորմատով: Առաջարկը փոխանցել եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և այո` ցանկացած ֆորմատով, ցանկացած քննարկման մենք պատրաստ ենք մասնակցել՝ առաջարկությունների մեր փաթեթով»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի համար ընդունելի են «Ժառանգության» և ՀՅԴ-ի առաջարկները` Սահմանադրական հանրաքվեի անցկացում, խորհրդարանական նոր ընտրություններ, 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցում և այլն, ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ երբ «Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնեց ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաների շարքը, օրակարգի հիմնական ու առանցքային խնդիրներից մեկը հենց 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն էր: Այնպես որ այդ առաջարկը ԲՀԿ-ի համար ընդունելի է.
«Սահմանադրական հանրաքվեի միջոցով լրջագույն համակարգային փոփոխությունների առաջարկը մեզ համար ևս քննարկելի է: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, եթե նախագահական ընտրությունների վերաբերյալ կա դժգոհություն, ապա ինչո՞ւ դրա հանգուցալուծումը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունը»,- հավելեց Ն.Զոհրաբյանը:
Հիշեցնենք, օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաստատակամորեն կոչ է անում իշխանություններին՝ ցուցաբերել զսպվածություն, զգուշացնում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների: Իսկ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում բոլոր գործողությունները անցկացնել օրենքի շրջանակներում»:
Նախորդիվ` Խորհրդակցությունն այս անգամ ավարտվեց անարդյունք