Գալուստ Սահակյան. Մենք ընդդիմությանը զիջելու որևէ բան չունենք
28/02/2013 16:32

Գալուստ Սահակյան. Մենք ընդդիմությանը զիջելու որևէ բան չունենք

Ազգային ժողովում երեք խմբակցությունների միջև տեղի ունեցող խորհրդակցությունների շրջանակում  համաձայնություն կա: Այս մասին ԱԺ նախագահի աշխատասենյակում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Քանի դեռ բանակցությունները չեն հասել եզրահանգման, նույն բանակցությունների արդյունավետությունը նկատի ունենալով, ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ»,- ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, թե կան վիճելի հարցեր, որոնք քննարկվում են և համաձայնություն դեռ չկա:

Ի պատասխան հարցին, թե եթե փաթեթում ընդգրկված բոլոր առաջարկները չընդունվեն, հնարավո՞ր է` արտահերթ նիստը չկայանա, Ռ. Հակոբյանը հույս հայտնեց, որ «եթե»-ի անհրաժեշտություն չի առաջանա, և արտահերթ նիստը տեղի կունենա:

«Իշխանությունն այս պահին քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը»,- նկատեց նա:

Նույն հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ մանրամասներ չհրապարակեց:

«Բնականաբար, կոշտ առաջարկներ են, բայց հրապարակվել են ոչ թե առաջարկությունների տեքստերն, այլ ընդամենը որոշ դետալներ»,-  նկատեց Գ. Սահակյանը:

Իշխանությունն ու ընդդիմությունը, Գ. Սահակյանի խոսքով, կկարողանան համաձայնության գալ ոչ թե պաշտոնների բաժանման, այլ` որոշակի խնդիրներին համատեղ լուծումներ տալու առումով:

«Խնդրի լուծումը հնարավոր է քաղաքական պայմանավորվածությունների միջոցով, և ոչ թե` ընդդիմությանն այս կամ այն ոլորտների կառավարումը հանձնելով:

Ինչ վերաբերում է խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելուն, ապա Գ. Սահակյանը դա աբսուրդ է համարում` պատճառաբանելով, թե ճիշտ չէ նախագահական ընտրությունների առնչությամբ կազմակերպված քննարկման ընթացքում հանդես գալ խորհրդարանի լուծարման առաջարկով:

«Խորհրդարանը լուծարվի, որ ի՞նչ լինի: «Ժառանգությունն» ԱԺ ընտրությունների ժամանակ 5 տոկոս կարողացավ հաղթահարել, լուծարելուց հետո ի՞նչ պիտի լինի, իրենք իրենց տունը հո՞ չեն քանդելու»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հարցին, թե իշխանությունը ընդդիմությանը զիջումների կգնա՞, Գ. Սահակյանն ասաց, թե իրենք զիջելու որևէ բան չունեն. «Մենք ընդամենը ցանկանում ենք կայունացնել երկրի իրավիճակը՝ բարեփոխումներ իրականացնելու համար»:

Նախորդող հրապարակումներ`  Հովիկ Աբրահամյանի մոտ շտապ խորհրդակցություն է ընթանում

Խորհրդակցությունն այս անգամ ավարտվեց անարդյունք

Գալուստ Սահակյան. Մենք ընդդիմությանը զիջելու որևէ բան չունենք