.jpg)
Սաակաշվիլիի` Ադրբեջան կատարած այցը ինքնափիառ է հիշեցնում
«Միխաիլ Սաակաշվիլիի այցը Ադրբեջան շատ հապճեպ է որոշվել. այսօրվա դրությամբ այդ այցի կարիքը չկար, քանի որ մի քանի ամիս առաջ Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն այցելել էր Ադրբեջան և քննարկել երկկողմ հարաբերությունները»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցին ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ Սաակաշվիլիի այցի ընթացքում քննարկվել է ադրբեջանա-վրացակական հարաբերությունների ապագան, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ապագա է սպասվում այդ հարաբերություններին, քանի որ Վրաստանում այս պահին երկիշխանություն է:
«Օրեր առաջ Բիձինա Իվանիշվիլին ուլտիմատիվ ձևով առաջարկ էր արել Սաակաշվիլիին` սահմանադրական փոփոխությունների առումով նախագահի վերջնական դիրքորոշումը ստանալու համար»,- ասաց Ջ. Մելիքյանը:
Ըստ նրա՝ Վրաստանի նախագահի՝ Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետ կապված բազմաթիվ հարցեր` կողմերը շեշտել են, որ այսօրվա դրությամբ ապրանքաշրջանառությունը հասել է 700 միլիոն դոլարի:
Մելիքյանն ասաց, որ Ալիևը և Սաակաշվիլին անդրադարձել են նաև էներգետիկ ոլորտին, այսինքն՝ հիմնականում քննարկվել են այն հարցերը, որ արդեն իսկ քննարկվել էին Իվանիշվիլիի հետ:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ Բիձինա Իվանիշվիլին իր քայլերով փորձում է ցույց տալ, որ Վրաստանը փոխել է իր տարածաշրջանային քաղաքականությունը, իսկ Սաակաշվիլին՝ իր Ադրբեջան կատարած այցով փորձում է հակադրվել Իվանիշվիլիին և ցույց տալ, որ Վրաստանի քաղաքական ուղենիշները մնացել են նույնը:
Վրաստանի հարցերով փորձագետը հավելեց, որ Սաակաշվիլիի՝ Բաքու կատարած այցը ավելի շատ ինքնափիառ է հիշեցնում: