.jpg)
Իրանը տեսնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին ավստրիական Wiener Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ տեսնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն՝ չնայած իր երկրի միջուկային ծրագրի նկատմամբ գերտերությունների երկարատև դիմակայությանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրվելը համեմատաբար լավ մթնոլորտ կստեղծի երկու ազգերի միջև՝ Սալեհին ասել է, որ այդ միջավայրը ձևավորվում է և կարծում է, որ կողմերը ցանկանում են օգտվել այդ հնարավորությունից:
Հարցազրույցի ժամանակ Սահելին անդրադարձել է Ղազախստանում փետրվարի 26-27-ը Իրան-«5+1» խմբի բանակցությունների հերթական փուլին՝ այն անվանելով «կարևոր իրադարձություն» և իրավիճակը համեմատելով հալչող սառույցի հետ:
ԱՄՆ-ը պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին Ղազախստանի բանակցություններն անվանել է «օգտակար»՝ ասելով, որ Իրանի լուրջ մասնակցությունը տվյալ հարցի քննարկմանը (Իրանի միջուկային ծրագրի) կարող էր հանգեցնել կողմերի միջև երկարատև համաձայնության ձեռքբերմանը: