.jpg)
ՀՅԴ-ն 2008-ին պայքարի վերջը չէր տեսնում, իսկ հիմա լուծումները տեսնում է
ՀՅԴ-ն 5 տարի առաջ չմիացավ ընդդիմությանը, կազմեց կոալիցիա, որովհետև այդ պայքարի վերջը չէր տեսնում, իսկ այսօր միացել է ընդդիմությանը, քանի որ հստակ լուծումներ տեսնում է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Չի կարելի մտնել մի պայքարի մեջ, որի վերջը չի երևում: Այն ժամանակ տեսնում էինք, որ կարող է հանգեցնել զոհերի, և եթե հիշում եք ցույցեր էինք անում, խաղաղության կոչեր արեցինք, որ այս ճանապարհը արյունահեղության ճանապարհ է: Հիմա մե՞նք էինք ճիշտ, թե՞ ով: 2008-ին 10 զոհերի պատասխանն ո՞վ է տալու: Դրանից մեր երկիրը շահե՞լ է: Չի՛ շահել»,-պարզաբանեց Ռուստամյանը:
Պատճառաբանելով, թե ինչու է ՀՅԴ-ն ներկայում միացել Րաֆֆի Հովհաննիսյանին, խմբակցության ղեկավարն ասաց, թե այդ մասին իր առաջին ելույթով հայտարարել է Ազատության հրապարակում:
«Առաջին` մեր ժողովրդի զգալի մասն այդտեղ է, երկրորդ` սահմանադրական, օրինական ճանապարհով առաջ գնալու խնդիր է դրվում և երրորդ` շատ կարևոր է, որ կոնկրետ օրակարգով, կոնկրետ լուծումներ տեսնելու հեռանակար ունենք»,- ասաց պատգամավորը:
Ա. Ռուստամյանի խոսքով` եթե առաջ քաշված երեք կետերը կատարվեն, այսինքն` կառավարման համակարգը փոխվի և երկրում լինի խորհրդարանական համակարգ, երկրում շատ լուրջ փոփոխություն կլինի:
Ռուստամյանը նշեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուց, ԱԺ նոր ընտրություններ անցկացնելուց, ընդդիմությանը որպես իշխանությանը հակակշիռ վերահսկողության համակարգը հանձնելուց հետո միայն կլինի նոր Հայաստան: