Նոր գիրք. Չկա պատմության մի շրջան, որ չկեղծեն ադրբեջանցի պատմաշինարարներ
01/03/2013 19:50

Նոր գիրք. Չկա պատմության մի շրջան, որ չկեղծեն ադրբեջանցի պատմաշինարարներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» և ԳԱԱ պատմության ինստիտուտի միջև համագործակցության արդյունքում հրատարակված ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ.» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղևոնդյանն ասաց, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» բավական երկար ժամանկ է հանրային իրազեկման ոլորտում իրականացնում է ակտիվ գործունեություն, որի օրինակ է Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ.» աշխատությունը:

«Նման համագործակցությունների նպատակն է` Արցախի հիմնահարցի վերաբերյալ օբյեկտիվ պատմական տեղեկատվության ներկայացում ու հանրային իրազեկում, քանի որ օտարալեզու լսարանին միշտ չէ, որ հասանելի է օբյեկտիվ տեղեկատվություն, հետևաբար՝ խնդիր դրվեց օտարալեզու հարթակներում հստակ գիտական աշխատությամբ ներկայացնել պատշաճ տեղեկատվություն»,- ասաց Ա. Ղևոնդյանը:

Գիրքն ամենատարբեր միջոցներով, բանախոսի խոսքով, տարածվելու է ԱՊՀ երկրներում, եվրոպական համալսարաններում, հետազոտական կենտրոններում:

Գրքի հեղինակ Արտակ Մաղալյանն էլ, ներկայացնելով գիրքն, ասաց, թե գաղտնիք չէ, որ հայոց պատմությունը լայն կեղծարարության թիրախ է մեր հարևան երկրի պատմաշինարարների կողմից:

«Չկա հայոց պատմության մի շրջան, որ հետևողականորեն չկեղծվի ադրբեջանցի պատմաշինարարների կողմից: Նրանց կողմից կեղծարարության հիմնական թիրախը Արցախի պատմությունն է՝ իր ներկայով և անցյալով»,- ասաց Ա. Մաղալյանը` ընդգծելով, որ իրենք օբյեկտիվ փաստերով ներկայացնում են իրականությունը:

Նշենք, որ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ.» գիրքը ռուսալեզու է, օգտագործված են արխիվային նյութեր, ժամանակակիցների ձեռագրական սկզբնաղբյուրներ, հայ, մահմեդական, պարսիկ, ռուս, վրացի հեղինակների պատմագրական աշխատություններ:

«Եթե մենք այսօր ունենք Արցախի ազատ և ինքնիշխան պետություն, ապա այդ պետության ենթախորքում որոշակի դերակատարություն ունեն Արցախի հայկական մելիքությունները, որն էլ աշխատության կիրառական նշանակությունն է»,- եզրափակեց խոսքը` գրքի հեղինակը:

Նոր գիրք. Չկա պատմության մի շրջան, որ չկեղծեն ադրբեջանցի պատմաշինարարներ