.jpg)
Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ Վրաստանում
Նախօրեին Թբիլիսիում տեղի ունեցավ սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, ինչպես նաև ոճրագործությանը զոհ դարձած հայերի ոգեկոչման արարողություն:
Թբիլիսիի Ս.Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի, եկեղեցու հոգևոր դասի, ինչպես նաև հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվեց Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Կիրովաբադում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականության և պետականորեն կազմակերպված հանցագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ:
Սրբազան հայրն իր քարոզում հատուկ անդրադարձ կատարեց քառորդ դար առաջ Սումգայիթում և այլ բնակավայրերում հայազգի բնակչության հանդեպ կատարված ոճրագործությանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների և հայ համայնքի մեծաքանակ ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ հուշ-երեկո, որին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Մանուկյանը:
Հայաստանի դեսպանը, մասնավորապես, խոսեց նախորդ դարի 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, մինչ օրս շարունակվող պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված անհեռատես քաղաքականության հետևանքների մասին:
Այնուհետև Արցախի պատմության և նրա ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի վերաբերյալ պատմական և փաստավավերագրական դասախոսությամբ հանդես եկավ պատմաբան Կարեն Հովհաննիսյանը:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաև հատվածներ սումգայիթյան, ինչպես նաև Բաքվի և Մարաղայի իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերից:
Երեկոյի ավարտին գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: