ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող օգնությունը «կանաչ լույս» է
01/03/2013 21:10

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող օգնությունը «կանաչ լույս» է

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Russia Today-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին «ոչ մահացու» զենք տրամադրելով՝ ԱՄՆ-ն շեղվում է խաղաղ երկխոսությունից: Ըստ նրա՝ ամերիկացիների կողմից ցուցաբերվող նման օգնությունը ազատություն են տալիս զենքի իրական մատակարարների ձեռքերին:

Չուրկինի կարծիքով ամերիկացիները մարտական զենք չեն մատակարարում մի քանի պատճառով: Նախ ապստամբերի շարքերում կան ահաբեկիչներ և այնպիսի խմբավորումների անդամներ, ում հետ ԱՄՆ-ն սկզբունքորեն չի համագործակցի:

Միևնույն ժամանակ Չուրկինը գտնում է, որ ամերիկացիների այդ քայլը նշանակում է, որ նրանք հաստատում են Սիրիայի ազատ բանակը զինողների գործողությունները: Չուրկինը զենքի հավանական մատակարար է անվանել Կատարին՝ նշելով, որ լիբիական հակամարտության ժամանակ այս երկիրը նույնպես զենք էր տրամադրում Մուամար Կադաֆիի հակառակորդներին:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է հակամարտության երկու կողմերին ուղղված Ռուսաստանի պահանջը՝ դադարեցնել բռնությունը: Նրա խոսքով՝ կառավարական ուժերի և ընդդիմության միջև երկխոսությունը պետք է կառուցվի Ժնևի կոնվենցիայի հիման վրա:

Հիշեցնենք, որ նախօրեին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» համաժողովի ժամանակ ԱՄՆ-ն որոշում է կայացրել Սիրիայի ընդդիմությանը տրամադրել 60 մլն դոլարի օգնություն՝ դեղորայք, սնունդ և առաջին անհրաժեշտության այլ իրեր: 

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող օգնությունը «կանաչ լույս» է