Կայացել է Homo Homini մրցանակի հանձնման արարողությունը
05/03/2013 20:25

Կայացել է Homo Homini մրցանակի հանձնման արարողությունը

Փետրվարի 4-ի երեկոյան Պրահայի Սուրբ Աննիշկա եկեղեցում տեղի է ունեցել չեխական հայտնի «Մեկ աշխարհ» կինոփառատոնի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տրվող Homo Homini մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Մրցանակը տրվում է կինոփառատոնի կազմակերպիչ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից։ Այս տարի այդ պատվավոր մրցանակին արժանացել է ադրբեջանցի հայտնի փաստաբան և իրավապաշտպան Ինդիգամ Ալիևը։ Հանձնելով մրցանակը Չեխիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը խորհրդանշական է համարել, որ այս տարվա կինոփառատոնի պաշտոնական պաստառի վրա պատկերված ջայլամը լիովին ցույց է տալիս Ադրբեջանի այսօրվա վիճակը։ Ադրբեջանը նույնպես գլուխը ավազի մեջ մտցրրած խոսում է մարդու իրավունքների մասին,-ասել է արտգործնախարարը։

Նա նշել է, որ մրցանակը տրվում է մի մարդու, ով դիկտատուրայի պայմաններում պայքարում է մարդու իրավունքների համար։

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչ Յան Կամինսկին բարձր է գնահատել Ինդիգամ Ալիևի կատարած խիզախ աշխատանքը, նշելով, որ նա պաշտպանելով քաղաքական գործիչների ու լրագրողների շահերը, իր կյանքը նույնպես վտանգի տակ է դրել։

Այնուհետև խոսել է Ինտիգամ Ալիևեը, նախ շնորհակալություն հայտնելով տրված մրցանակի համար, իսկ հետո նաև ներկայացրել է Ադբեջանում տիրող իրավիճակը ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառում։ Նա խոսել է այն աղմուկ հանած դատական գործերի մասին, որոնցում ինքը հանդես է եկել իբրև փաստաբան։

Ապա նա հարց է ուղղել, թե ինչո՞ւ է Եվրոպան աջակցում նման ավտորիտար ռեժիմին, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում Եվրատեսիլ անցկացնելու համար, բայց հազարավոր գյուղեր մնում են առանց ջրի ու էլեկտրաէներգիայի։

Երեկոյի ընթացքում նաև ելույթ է ունեցել կուբացի իրավապաշտպան Յոհաննա Չեզը, ով ներկայացրել է Կուբայում մարդու իրավունքների հետ կապված վիճակը։

Թատերական փոքր ներկայացումից հետո մի հատված ցուցադրվել է անգլիացի ռեժիսոր Լիզ Մերմինի «Զարմանահրաշ Ադրբեջան» ֆիլմից, որը կցուցադրվի նաև «Մեկ աշխարհ» կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմը ցույց է տալիս մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում և թե ինչպիսի աղքատություն ու թշվառություն է տիրում արտաքին շքեղության հետևում, ինչպես է միջազգային հանրությունը վերաբերում այդ ամենին։
 

Կայացել է Homo Homini մրցանակի հանձնման արարողությունը