.jpg)
Իրանը ԱԷՄԳ տեսուչներին Փարչին մուտք գործելու թույլտվություն չի տա
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ թույլ տալ ԱԷՄԳ տեսուչներին անհապաղ մուտք գործել Փարչինի ռազմական օբյեկտ, իսկ հնարավոր այցը պատրաստ է քննարկել միայն Թեհրանի միջուկային խնդրի շուրջ կառուցվածքային պայմանավորվածություն ձեռք բերելու շրջանակում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով France Presse-ին:
Մեհմանպարաստը հայտնել է, որ Իրանը հույս ունի ընդհանուր համաձայնություն ձեռք բերել, որում ԱԷՄԳ-ն կճանաչի Իրանի՝ «խաղաղ ատոմ ունենալու իրավունքը»:
«Դրան ի պատասպան մենք որոշում կկայացնենք նրանց անհանգստությանը պատասխանելու վերաբերյալ….Իրանը շարունակելու է համագործակցել ԱԷՄԳ-ի հետ արդեն սահմանված շրջանակներում»,- նշել է Մեհմանպարաստը:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ տնօրեն Յակիյա Ամանոն նախօերին Իրանից պահանջել էր Փարչինի ռազմական օբյեկտ անհապաղ մուտք գործելու թույլտվություն տալ անկախ կառուցվածքային պայմանավորվածություն ձեռք բերելուց: Գործակալության փորձագետների կարծիքով, Փարչինում հնարավոր է անցկացվում են միջուկային ծրագրի հետ կապված փորձարկումներ:
Փետրվարի 13-ին տեղի էր ունեցել ԱԷՄԳ-Իրան բանակցությունների հերթական փուլը: Գործակալության բանակցող Գերման Նակերտցի խոսքով՝ կողմերը համաձայնության չեն հասել, իսկ փորձագետները չեն ստացել «Փարչին» ռազմական օբյեկտ մուտք գործելու թույլտվություն: