.jpg)
Իրանի ԱԳՆ. Ներկա պայմաններում ԱՄՆ-ի հետ ուղղակի երկխոսության կարիք չկա
Ներկա պայմաններում ԱՄՆ-ի հետ ուղղակի երկխոսության կարիք չկա: Այս մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով իրանաամերիկյան հնարավոր երկխոսությանը, մասնավորապես նշել է. «Միացյալ Նահանգները «5+1» խմբի անդամ են և հանդիպումների ընթացքում ներկայացնում են իրենց առաջարկությունները, մենք էլ դրանց պատասխանում ենք, սակայն, եթե խոսքը վերաբերում է ուղղակի երկխոսությանը, ապա ներկա պայմաններում Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղղակի երկխոսության կարիք չկա, քանի որ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից առաջ քաշված պայմանները չեն ապահովվել»:
Հավելենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ի պատասխան ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հնչած հայտարարությանը, թե Վաշինգտոնը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել, մասնավորապես նշել է. «Ես դիվանագետ չեմ, ես հեղափոխական եմ. իմ խոսքը պարզ է և դիպուկ: Դուք՝ ամերիկացիներդ, զենքը պահել եք մեզ վրա և ասում` «կամ բանակցում եք, կամ կրակում ենք»: Լավ իմացեք, ճնշումն ու բանակցությունները միմյանց հետ չեն զուգակցվում»:
ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդը հանդիսանում է երկրի ԶՈւ գերագույն հրամանատարը և նրա լիազորությամբ է մշակվում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
Նախորդող հրապարակում՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդը՝ ԱՄՆ-ին. Զենքը պահել եք Իրանի վրա և ուզում եք բանակցել