.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Չեմ հանձնելու ու չեմ հանձնվելու
Ես չեմ հանձնելու ու չեմ հանձնվելու, իրենք պիտի հանձնեն իշխանությունը ժողովրդին: Այս խոսքերով այսօր Ազատության հրապարակում իր հանրահավաքը սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, անդրադարձավ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորած երկրներին ու դրանց առաջնորդներին.
«Ուզում եմ ասել, որ ձեր երկրները կատարեցին հակաժողովրդական, ամոթալի ճանաչումներ: Դրանով դուք մեղսակից դարձաք բռնատիրական ու հակասահմանադրական մի հանցագործության: Բայց ասում եմ` դեռ ուշ չէ վերանայման համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ առհասարակ բոլորը պետք է ունենան սեփական սխալներն ուղղելու հնարավորություն.
«Այո', նոր Հայաստանում բոլորը պիտի ունենան ինքնամաքրվելու հնարավորություն: Բոլորն արդեն գիտեն ու հասկանում են, որ այս անգամ ժողովրդից հաղթանակը ոչ ոք չի խլելու: Այս անգամ ժողովրդի դեմ հաստատ խաղ չկա»,- ասաց Հովհաննիսյանը:
«Վերջերս ինձ մի երիտասարդ հանրապետական մեղադրեց, որ սկսել եմ օտար` ռուսերեն բառեր օգտագործել: Ընդունում եմ` ռուսերեն չի հասկանու՞մ, ուրեմն այսպես կասեմ` ոչ մի նահանջ չի լինելու»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա ավելացրեց, որ ներկա պահին խոսքով ավելացնելու ոչինչ չունի ու անելիքն է մնացել: Իսկ անելիքը հետևյալն է.
«Վաղն առավոտյան ես հանդիպելու եմ Եվրամիության դեսպանի հետ: Այնուհետև` մարզեր: Ժամը 11:00` Դիլիջան, 13:00` Իջևան, 15:30` Նոյեմբերյան, 18:30` Բերդ:
Մարտի 7-ին առավոտյան կհանդիպեմ Գերմանիայի Բունդեստագի խոսնակի հետ: Դրանից հետո, ժամը 11:00` Թալին, 12:30` Արթիկ, 14:00` հաղթական Գյումրի, 16:00` Վանաձոր, 17:30` Սպիտակ և հիմա հատուկ իրազեկում եմ ոստիկաններին` ժամը 18:30 ` Ապարան, թող մեր վատ փորձառությունն այս քաղաքում այլևս չկրկնվի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացնելով, որ հաջորդ օրը` մարտի 8-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական հավաք.
«Կրկին մարզեր ենք գնում, որովհետև ասենք Կապանի գյուղերից մեկում գյուղապետ են դատում և սա նրա համար, որ այդ գյուղում անգամ պաշտոնական տվյալներով հաղթել է ժողովուրդը: Պետք է կանգնենք այդ գյուղապետի կողքին: Վախկոտ են ու սա անում են Լիցկային դատելու փոխարեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ելույթի վերջում նա դիմեց երիտասարդ հանրապետականներին.
«Ուզում եմ դիմել այդ չարաճճի փոքրիկ հանրապետականներին, ովքեր Սերժ Սարգսյանի փոխարեն ինձ փորձում են նեղացնել: Ես մի բան կասեմ` բարև, ձեր օրերը հաշված են, դուք շուտով փոքրամասնություն եք դառնալու ու կանգնելու եք դատարանի առջև»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով` բոլոր նրանք, ովքեր հստակ ծրագիր չեն տեսնում իր քայլերում, այն կտեսնեն մարտի 10-ին: