.jpg)
Հետընտրական վիճակում իշխանությունների և ընդդիմության վստահության ճգնաժամ է
«Նախընտրական շրջանում կարելի է առանձնացնել մրցակցության պակասը և այս ընտրությունները ամենաոչմրցակցային ընտրություններն էին Հայաստանի պատմության ընթացքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանի հետընտրական քաղաքական զարգացումներին` ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ ընտրությունները պետք է լինեին ավելի ազատ և անկախ, սակայն այս ընտրությունները Հայաստանի համար կորցրած հնարավորությունների ընտրություններ կարելի է համարել:
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում իրական մարտահրավերը թաքնված էր ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության պակասի մեջ»,-ասաց Ռ. Կիրակոսյանը:
Վերլուծաբանի խոսքերով, հասարակության մեջ կա խորը դժգոհություն հատկապես մարտի 1-ի դեպքերի չբացահայտված լինելու առումով, և այս ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները նաև գործող իշխանություններից դժգոհության ձայներն էին: Այս ընտրություններում քաղաքական դիակը ԲՀԿ-ն է, իսկ Ռոբերտ Քոչարյանը սկսել է պակաս ակտիվություն ցուցաբերել ընտրական գործընթացներում:
Անդրադառնալով հետընտրական իրավիճակին` նա նշեց, որ այն կարելի է անվանել իշխանությունների վստահության ճգնաժամ, ինչպես նաև ընդդիմության վստահության ճգնաժամ:
«Ընդդիմության համար ամենամեծ մարտահրավերը նախաձեռնողականությունը չկորցնելն է և հստակ նպատակների առաջադրման անհրաժեշտությունը: Դեռևս պարզ չէ, ունի արդյոք ընդդիմությունը կոնկրետ նպատակներ կամ պլաններ»,-նշեց բանախոսը:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով, իշխանություններն իրենց դնում են վատ իրավիճակի մեջ, արձագանքելով երկրում ստեղծված իրավիճակին, հեռուստատեսությամբ ցուցադրելով օգտագործված քաղաքական գործիչներին՝ Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան, Խոսրով Հարությունյան և այլոց: