.jpg)
Առաջնությունն ավարտված է, առջևում հավաքներ են
Փետրվարի 27-ից մարտի 3-ը Երևանում տեղի է ունեցել ծանրամարտի պատանիների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են ընդհանուր թվով 165 մարզիկ-մարզուհիներ: Այս առաջնության ժամանակ մարզիկների գրանցած արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքական թիմը, որն ապրիլի 5-14-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցելու է մինչև 17 տարեկան ծանրամարտիկների աշխարհի պատանեկան առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աղջիկներից 44 կգ քաշային կարգում ՀՀ չեմպիոն է դարձել Լիանա Գյուրջյանը Երևանից, 48 կգ քաշային կարգում՝ Երանուհի Պետրոսյանը (Սևան), 53 կգ քաշային կարգում՝ Մարգարիտա Ղազարյանը (Գյումրի), 58 կգ քաշային կարգում՝ Շուշան Հակոբյանը (Արարատ), 63 կգ քաշային կարգում՝ Ռոզալիա Ավետիսյանը (Վանաձոր), 69 կգ քաշային կարգում՝ Տաթև Հակոբյանը (Երևան), +69 կգ քաշային կարգում՝ Արևիկ Միրզախանյանը (Գյումրի): Տղաներից Հայաստանի չեմպիոն են դարձել՝ 50 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Մարզպետ Մինասյանը, 56 կգ քաշային կարգում՝ Դավիթ Գասպարյանը (Սամաղար), 62 կգ քաշային կարգում՝ Էդմոն Բաղդասարյանը (Վանաձոր), 69 կգ քաշային կարգում՝ Ժորժ Եղիկյանը (Գյումրի), 77 կգ քաշային կարգում՝ Մանուկ Մկրտչյանը (Քասախ), 85 կգ քաշային կարգում՝ Կարեն Պեպանյանը (Վանաձոր), 94 կգ քաշային կարգում՝ Գևորգ Քյափանակցյանը (Գյումրի) և +94 կգ քաշային կարգում՝ Սիմոն Մարտիրոսյանը (Սամաղար):
Նշենք, որ Ուզբեկստանում կայանալիք առաջնությունը վարկանշային է, որտեղ հայ պատանի ծանրորդներից 2 աղջիկ և 2 տղա համապատասխան վարկանիշեր ձեռք բերելուց հետո հնարավորություն կստանան մասնակցել պատանեկան օլիմպիական խաղերին: Տաշքենդ մեկնելուց առաջ մեր մարզիկները մասնակցելու են ուսումնամարզական հավաքների, աղջիկները՝ Երևանում, իսկ տղաները՝ Աբովյանում: