.jpg)
Ահմադինեժադ. Չավեսը Հիսուս Քրիստոսի ուղեկցությամբ կվերադառնա
Հուգո Չավեսը Հիսուս Քրիստոսի ուղեկցությամբ կվերադառնա և կօգնի մարդկությանը: Այս մասին իրանական թաբնաք.իռ կայքի հաղորդմամբ՝ նշված է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահվան առթիվ հղած ցավակցական հեռագրում:
Իրանի նախագահի ցավակցական հեռագրում մասնավորապես նշված է. «Հուգո Չավեսի անունը ծանոթ է աշխարհի բոլոր ժողովուրդներին: Նրա անունը խորհրդանշում է մաքրությունն ու պարզությունը, մարդկանց հանդեպ տածած սերը, մարդկանց անմնացորդ նվիրումը, քաջությունը: Չավեսը աշխարհի և տարածաշրջանի բոլոր հեղափոխականների և ազատատենչների հենասյունն էր: Կասկած չունեմ, որ նա Հիսուս Քրիստոսի ուղեկցությամբ կվերադառնա և խաղաղության, կատարյալ արդարության և սիրալիրության հաստատման գործում կօգնի մարդկությանը»:
«Թաբնաքի» հաղորդմամբ՝ Չավեսի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կմեկնի Վենեսուելա:
Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահվան առթիվ Իրանում սուգ է հայտարարվել: