ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը ԱԺ-ում էր
06/03/2013 20:10

ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը ԱԺ-ում էր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը այսօր հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի, արտաքին հարաբերությունների և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունը:

Ողջունելով Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությանն ու Գերմանիայի ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերած համակողմանի աջակցության, օժանդակության համար:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում արժեվորվում են ձևավորված հարաբերությունները, և պատահական չէ, որ Հայաստան-Գերմանիա բարեկամական խումբը բազմամարդ ու ամենաակտիվներից մեկն է՝ ներառելով խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը:

Արտակ Դավթյանը վստահություն հայտնեց, որ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական կապերի, երկկողմ հարաբերությունների հետագա աշխուժացման ու խորացման համար:

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, կարևորելով միջխորհրդարանական հարաբերությունները, նշեց, որ հարկ է առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունները:

Նրա խոսքով՝ այն, որ երբեմն Բունդեսթագի որոշ պատգամավորների, խմբակցությունների կողմից արվում են հայտարարություններ, առաջ են քաշվում բանաձևերի նախագծեր, որոնցում աղճատվում են թե Լեռնային Ղարաբաղի, թե տարածաշրջանային հակամարտությունները, թերևս, հետևանք է նաև ոչ պատշաճ տեղեկացվածության, ինչի բացը կարելի է լրացնել փոխադարձ ակտիվ շփումների, երկկողմ աշխատանքի միջոցով: Որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ և Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց այդ, ինչպես նաև միջազգային այլ խորհրդարանական կառուցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության ընդլայնումը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով եվրաինտեգրմանն ուղղված ՀՀ ջանքերին, կարևորեց հանագործակցությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Բունդեսթագի և նրանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:

Նրա խոսքով՝ երկկողմ կապերը, միջխոհրդարանական փոխգործակցությունը, ԳԴՀ՝ ժողովրդավարության ունեցած փորձը, մեծապես կարող են նպաստել օրենսդրության բարելավմանը, եվրաինտեգրման և ժողովրդավարացման գործընթացների խորացմանը:

ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստան կատարած այցը պետք է հիմք դառնա երկկողմ հարաբերությունների խորացման համար:

Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, ժողովրդավարացման ներուժի հետագա բացահայտումներին, դրանց զարգացմանը:

Ներկայացնելով Գերմանիայի անցած ժողովրդավարացման, իր բնութագրմամբ, դժվարին ու դրամատիկ ուղին, Նորբերթ Լամմերթն ասաց, որ իրենք շատ զգայուն են համանման հարցերի նկատմամբ և պատրաստ են աջակցելու բոլոր այն երկրներին, որոնք դրա ցանկությունն ու կարիքն ունեն:

Անդրադառնալով ԳԴՀ Բունդեսթագում ադրբեջանամետ ուժերի զանգվածային գրոհներին՝ Նորբերթ Լամմերթն ընդգծեց, որ Գերմանիայի խորհրդարանում խորությամբ են քննարկվում Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները, որոնք հաճախ քննադատության են արժանանում:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանում կայացած ընտրություններին, փոխգործակցության նոր հնարավորություններին, այլ հարցերի:

ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը ԱԺ-ում էր